Փորձաքննություններ են նշանակվել՝ պարզելու Բաղրամյան պողոտայում քաղաքացիներին պատճառված մարմնական վնասվածքների բնույթն ու աստիճանը

Երևանի քննչական վարչության վարույթում շարունակվում է Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայում հասարակական կարգը խախտելու դեպքի առթիվ Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազությունում հունիսի 22-ին հարուցված քրեական գործի նախաքննությունը, որի շրջանակներում ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ՝ քննության բազմակողմանիությունն ու օբյեկտիվությունն ապահովելու ուղղությամբ։

Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը՝ տեղեկացնում ենք, որ ոստիկանության ստորաբաժանումների կողմից հունիսի 23-ին բերման ենթարկված և նախաքննական մարմնին ներկայացված քաղաքացիներից 13-ը հայտարարել են պետական հատուկ ծառայություն իրականացնող անձանց կողմից Բաղրամյան պողոտայում նստացույցը դադարեցնելու նպատակով կիրառված հատուկ միջոցների, բերման ենթարկելու ընթացքում իրենց պատճառված մարմնական վնասվածքների մասին։

Քաղաքացիների մատնանշած հանգամանքների շուրջ բազմակողմանի և օբյեկտիվ քննություն իրականացնելու նպատակով քննիչի կողմից նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ՝ պարզելու նրանց պատճառված վնասվածքների բնույթն ու աստիճանը: Առ այսօր 7 անձ հրաժարվել է ներկայանալ դատաբժշկական փորձաքննության:

Բացի այդ, քննության ընթացքում Երևան քաղաքում գործող տարբեր բժշկական կենտրոններից ստացվել են 30 անձանց կողմից բուժօգնության դիմելու վերաբերյալ ահազանգեր, զննության են ենթարկվել հիվանդանոցների ահազանգերի վերաբերյալ գրանցամատյանները։ Ծանուցագրեր են ուղարկվել բուժօգնության դիմած քաղաքացիներին՝ հարցաքննության ներկայանալու և դեպքի հանգամանքների վերաբերյալ ցուցմունքներ տալու համար։ Սակայն առ այս պահը վնասվածքներ ստացած քաղաքացիները չեն ներկայացել վարույթն իրականացնող մարմնին։

Առանձին քաղաքացիների կողմից Երևան քաղաքի քննչական վարչության քննչական խմբին չներկայանալը և քննչական գործողություններին մասնակցելուց, փորձաքննություններին ներկայանալուց խուսափելը չի նպաստում տվյալ քրեական գործով լրիվ, բազմակողմանի և օբյեկտիվ քննության իրականացմանը։

Տեսանյութեր

Լրահոս