Ցիպրասը ԵՄ-ի հետ գործարքն անվանել է եվրոգոտում մնալու միակ հնարավորությունը
Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը հայտարարել է, որ չի հավատում հունական տնտեսության փրկության համար եվրոպացի ղեկավարների առաջարկած միջոցառումների արդյունավետությանը, սակայն պատրաստ է դրանք իրականացնել, հայտնում է BBC-ն:
Նա ձեռք բերված պայմանավորվածությունն անվանել է ծանր, սակայն հայտարարել է, որ դա Հունաստանի համար եվրոգոտում մնալու միակ եղանակն էր:
Ֆինանսական օգնության ընդունված պլանը դեռ պետք է հաստատվի երկրի խորհրդարանում, որտեղ Ցիպրասին լուրջ պայքար է սպասվում կուսակցության իր համախոհների հետ:
Չնայած Հունաստանում Ցիպրասի վարած քաղաքականության նկատմամբ աճող դժգոհությանը, երկրի վարչապետը հայտարարել է, որ մտադիր չէ հրաժարական ներկայացնել:
«Ես պատասխանատվություն եմ կրում իմ բոլոր սխալների համար, ես պատասխանատվություն եմ կրում այն փաստաթղթի համար, որին ես չեմ հավատում, սակայն որը ստորագրել եմ՝ խուսափելու համար երկրում աղետից, բանկային համակարգի կոլապսից»,-ասել է Ցիպրասն ի պաշտպանություն կնքված գործարքի: