Հայ մարզիկները «Ոսկե ձեռնոց» մրցաշարից վերադարձել են մեդալներով
Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը հայտնում է, որ Սերբիայում ավարտվել է «Ոսկե ձեռնոց» անվանումը կրող բռնցքամարտի հեղինակավոր մրցաշարը, որին մասնակցում էին նաև հայ բռնցքամարտիկներ:
Մարզիչներ Հարություն Նազարյանը և Ռուդիկ Մկրտչյանը ղեկավարում էին մեր պատվիրակությունը: Մեր 6 մասնակիցներից 3-ը վերադարձել են մեդալներով, ընդ որում, 2-ը ոսկե մեդալներ են:
51 կգ քաշային աշխարհի չեմպիոնուհի Անուշ Գրիգորյանը և 60 կգ քաշային Անի Հովսեփյանը պարտության մատնեցին իրենց բոլոր մրցակիցներին և կանգնեցին պատվո հարթակի առաջին աստիճանին:
Անուշ Գրիգորյանը եզրափակչում 3:0 հաշվով վստահ հաղթանակ տոնեց Ղազախստանը ներկայացնող Մերույերթ Կոնիսաբայի նկատմամբ, իսկ Անի Հովսեփյանը ոսկե մեդալի համար մենամարտում նույն հաշվով, համոզիչ առավելությամբ, պարտության մատնեց լեհուհի Ադրիանա Ժեդրեյչիկին:
Իսկ պատվո հարթակի 3-րդ աստիճանին կանգնեց 91 կգ քաշային Դավիթ Չալոյանը, ով կիսաեզրափակչում զիջել էր Ռուսաստանը ներկայացնող մեր հայրենակից Արտյոմ Միքայելյանին:
Սիրարփի Աղաբաբյան