«Եղավ տեղաշարժ. երիտասարդության փոխարեն՝ մեղավորներին գտնելու հարցը նախագահը բարձրացրեց». Ազատ Արշակյան
«Որպեսզի այսուհետև չասենք՝ Հայաստանի ոստիկանությունն այսպես արեց, այնպես արեց, իրենց լիազորությունները գերազանցած ոստիկանները պետք է անպայման անհատապես պատժվեն: Այդ դեպքում՝ կիմանանք, որ եղել են խախտողներ, գուցե նաև՝ քրեական հանցագործներ (ոստիկանի համազգեստով կամ առանց համազգեստի), որոնք պատժվել են»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը:
Ըստ նրա՝ երիտասարդների մոտ փորձի պակասն ակնհայտ էր.
«Երիտասարդները գիտեին՝ ինչ անել, բայց չգիտեին՝ ո՞վ է մեղավոր: Էլեկտրոցանցերի պարտքը կուտակվել է ինչ-որ մարդկանց աշխատանքի հետևանքով. մեղավորներն ովքե՞ր են: Հարցը պետք է այսպես դրվեր՝ ի՞նչ անել՝ չեղարկե՞լ, և ովքե՞ր են մեղավոր՝ ոչ թե Բիբինը կամ ՌԴ այլ քաղաքացիները, այլ բոլոր այն հայկական կազմակերպությունները, որոնք պետք է ապահովեին տնտեսվարողի գործունեությունը՝ օրենքի սահմաններում: Բայց քանի որ նրանց աշխատանքի արդյունքում բացթողումներ են եղել և առաջացել է այս կոնֆլիկտը, ուրեմն՝ երիտասարդները պետք է դնեին նաև մեղավորներին գտնելու և պատժելու հարցը»,-ասաց նա:
Բանախոսը նկատեց՝ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարած աուդիտով խոտանվեցին նախկին բոլոր աուդիտները.
«Իմ կարծիքով՝ եղավ տեղաշարժ. երիտասարդության փոխարեն՝ այդ հարցը նախագահը բարձրացրեց: Այսինքն՝ բոլոր աուդիտները, բոլոր ստուգումները, որ եղել են մինչև առաջիկա ստուգումը, պետք է պատասխանատվության ենթարկվեն:
Իրենց առջև դրված խնդիրը երիտասարդները լուծել են: Բայց երիտասարդները չեն բավարարվում ստացածով, ունեցածով, ինչը շատ լավ է: Ի՞նչ չափով կկարողանան իրենց հաղթանակին տեր կանգնել՝ կախված է հմտությունից, վարպետությունից»: