Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ պայքարող քաղաքացիների հայտարարությունը
Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ շարունակվում է համաժողովրդական ընդվզումը։ Ժողովրդի բողոքը ընթանում է ինքնակառավարմամբ՝ ՀՀ Սահմանադրությանը, միջազգային իրավական նորմերին և ժողովրդավարական ոգուն համապատասխան։ Եվ բնականոն է, որ պայքարը տարբեր փուլերում համակարգվում է ակտիվ քաղաքացիների տարբեր խմբերի կողմից։ Հետևաբար՝ խելամիտ չէ շահարկել շարժման քաղաքականացված կամ միասնական լինել-չլինելու հարցը։
Ակնհայտ է, որ ժողովրդի պահանջները չեն բավարվել առ այսօր, հետևաբար՝ պայքարը շարունակվում է։
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ դեռ անհայտ է, թե թանկացվելիք 6.93 դրամը ինչ միջոցներով է փոխհատուցվելու, սակայն ակնարկել է արտաբյուջետային աղբյուրների մասին։ Հիշեցնում ենք, որ շարժումը սկզբունքորեն դեմ է սակագնի բարձրացմանը, հետևաբար չի ընդունելու սակագինը թանկացնելու և ցանկացած միջոցներով փոխհատուցելու որոշումը:
Սերժ Սարգսյանը տնտեսական հանձնաժողովի նիստին հայտարարել է, որ հարկավոր է աուդիտ անցկացնել՝ կանխավ համոզմունք արտահայտելով, որ սակագնի բարձրացումն արդարացված է։ Այս պնդումն ի սկզբանե, մեղմ ասած, անվստահություն է առաջացնում։ Նաև հայտարարում է, որ այդ աուդիտորական կազմակերպությունը պետք է ժողովրդի ներկայացուցիչների հետ համատեղ որոշվի։
Շարժումը պատասխանում է, որ վստահության բացակայության պայմաններում աուդիտի թեման հետզհետե վերածվում է կեղծիքները կոծկելու, քան դրանք բացահայտելու միջոցի:
Պատկան մարմիններից ակնկալում ենք վերոնշյալ խնդիրների հստակ պարզաբանում և միաժամանակ հիշեցնում շարժման պահանջները՝
1. Չեղարկել էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման հակասոցիալական որոշումը:
2. Պատժել խաղաղ հանրահավաքի մասնակիցների և լրագրողների նկատմամբ բռնություն կիրառած ոստիկաններին և դադարեցնել քրեական հետապնդումն ընթացող խաղաղ հավաքի մասնակիցների նկատմամբ:
3. Վերանայել սակագինը՝ նվազեցման միտումով:
Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ պայքարող քաղաքացիներ