Փարիզը ՄԱԿ-ի ԱԽ արտակարգ նիստ է պահանջել Լիբանանում Իսրայելի գործողությունների պատճառով
Ֆրանսիան խնդրել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի շտապ նիստ գումարել՝ կապված Լիբանանում Իսրայելի ռազմական գործողության հետ, հայտարարել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն։
Ավելի վաղ Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտնել էր, որ Իսրայելի պաշտպանության բանակը վերահսկողություն է հաստատել Լիբանանի հարավում գտնվող Բոֆորտ միջնադարյան ամրոցի նկատմամբ։ Ավելի ուշ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել էր, որ հրահանգել է զինվորականներին ընդլայնել «Հզբոլլահի» դեմ գործողությունը և ուժեղացնել վերահսկողությունը Լիբանանի հարավում գտնվող տարածքների նկատմամբ։
«Ես խնդրել եմ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի շտապ նիստ գումարել», – BFM հեռուստատեսության եթերում ասել է Բարոն։
Նա Թել Ավիվի գործողություններն անընդունելի է համարել և անվանել «լուրջ սխալ»։ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարի խոսքով՝ ոչինչ չի կարող արդարացնել Իսրայելի շարունակական ռազմական գործողությունները Լիբանանում և նրա առաջխաղացումը երկրի տարածք։ Իսրայելական ուժերի Լիբանանի խորքում առաջխաղացումը ուղեկցվել է «Հզբոլլահի» կողմից իսրայելական քաղաքների և գյուղերի վրա հրթիռային հարձակումների աճով։
Կիրյաթ Շմոնա, Նահարիա, Սաֆեդ, Կարմիել և այլ քաղաքներում արդեն հնչել են օդային տագնապի ազդանշաններ։
Ներքին ճակատի հրամանատարությունը խստացրել է հանրությանը տրված հրահանգները հյուսիսային շրջաններում հավաքների և կրթական հաստատությունների վերաբերյալ։



