Մասաչուսեթսի վրա մետեոր է պայթել՝ առաջացնելով հզոր ձայնային հարված. NASA-ն էներգիան գնահատել է 300 տոննա տրոտիլի չափ
ԱՄՆ Մասաչուսեթս նահանգի բնակիչները շաբաթ օրը կեսօրին լսել են բարձր պայթյուն, որը, ինչպես տեղեկացնում է CBS News-ը, եղել է նահանգի ափերի վերևում մթնոլորտում մետեորի քայքայման հետևանք։
Այս մասին հայտնել են WBZ-TV-ի եթերում՝ հղում անելով ալիքի գլխավոր օդերևութաբան Էրիկ Ֆիշերին, ինչպես նաև NASA-ի հայտարարության մեջ։
NASA-ի տվյալներով, երկնային մարմնի քայքայման ժամանակ ազատված էներգիան համարժեք է եղել մոտավորապես 300 տոննա տրոտիլի։ Պայթյունը տեղի է ունեցել ԱՄՆ արևելյան ժամանակով մոտ 14:11-ին և ուղեկցվել է հզոր ձայնային հարվածով, որը լսվել է ամբողջ նահանգում։
Ականատեսները հայտնել են հանկարծակի որոտի մասին, որը դղրդացրել է պատուհանները, վախեցրել ընտանի կենդանիներին և նույնիսկ զգացվել է որպես շենքերի թեթև թրթռում։
WBZ-TV-ի խմբագրություն տասնյակ զանգեր են ստացվել Բոստոնի և հարևան շրջանների բնակիչներից, այդ թվում՝ Իպսվիչից և Ռոդ Այլենդ նահանգի Ջոնսթոնից։
ԱՄՆ մետեորների ընկերության նախնական տվյալներով, տեղական ժամանակով մոտ 14:00-ին ԱՄՆ հյուսիս-արևելքի տարբեր նահանգներում տասնյակ դիտորդներ նկատել են պայծառ հրե գունդ։ Դա հնարավորություն է տվել գիտնականներին վերականգնել օբյեկտի շարժման հետագիծը։
ԱՄՆ Օվկիանոսային և մթնոլորտային հետազոտությունների ազգային վարչության (NOAA) արբանյակների տվյալները ֆիքսել են ազդանշաններ, որոնք համապատասխանում են մետեորի մթնոլորտ մուտք գործելուն՝ մոտավորապես Մասաչուսեթսի հարավային ափերի վերևում։ NASA-ում ճշտել են, որ օբյեկտը, հավանաբար, քայքայվել է մոտ 40 մղոն (մոտ 64 կմ) բարձրության վրա՝ նահանգի հյուսիս-արևելյան մասի և Նյու Հեմփշիրի հարավ-արևելքի վերևում։
Գիտնականները բացատրում են, որ նման ձայնային հարվածներ առաջանում են, երբ մետեորը մուտք է գործում մթնոլորտ հսկայական արագությամբ՝ ժամում 40 հազարից մինչև 260 հազար կիլոմետր։ Մարմնի քայքայման ժամանակ առաջանում են հարվածային ալիքներ, որոնք տարածվում են մինչև Երկրի մակերեսը և ընկալվում որպես ուժեղ պայթյուն։
Մասնագետները նշում են, որ մետեորների մեծ մասը ամբողջությամբ այրվում է մթնոլորտում, սակայն ավելի խոշոր օբյեկտները կարող են ստեղծել պայծառ բռնկումներ և հզոր ձայնային ալիքներ։ Այս դեպքում օբյեկտը, ամենայն հավանականությամբ, քայքայվել է օվկիանոսի վերևում, ուստի դրա բեկորները հայտնաբերելը չափազանց դժվար կլինի։
Գիտնականները շեշտում են, որ նման դեպքերը չափազանց հազվադեպ են վտանգ ներկայացնում մարդկանց համար, իսկ մետեորիտների մեծ մասն ընկնում է օվկիանոս, քանի որ այն ծածկում է Երկրի մակերեսի մեծ մասը։



