Պուտինը և Տոկաևը կաղնի են տնկել Ռուսաստանի և Ղազախստանի հավերժական բարեկամության պուրակում
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու նրա ղազախ գործընկեր Կասիմ-Ժոմարտ Տոկաևը կաղնի են տնկել Աստանայում՝ Ռուսաստանի և Ղազախստանի հավերժական բարեկամության պուրակում։ Այս մասին հայտնում է «Իզվեստիա» պարբերականի Telegram-ալիքը։
Լրատվամիջոցը տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է, թե ինչպես են երկու երկրների ղեկավարները ծառ տնկում։
Մայրաքաղաքի հենց կենտրոնում գտնվող Ղազախստանի Հանրապետության և ՌԴ հավերժական բարեկամության ծառուղին բացվել է 2025 թվականի մայիսի 28-ին՝ դառնալով երկու պետությունների ռազմավարական գործընկերության և բարիդրացիության խորհրդանիշը։
Նախօրեին Ռուսաստանի ղեկավարը եռօրյա պետական այցով ժամանել է Ղազախստան։ Այսօր՝ մայիսի 28-ին, Պուտինն ու Տոկաևը համատեղ հայտարարություն են ստորագրել երկու երկրների ժողովուրդների բարեկամության և բարիդրացիության յոթ հիմքերի վերաբերյալ։
ՌԴ նախագահը նշել է, որ բանակցությունների ընթացքում զգալի ուշադրություն է դարձվել տնտեսական փոխգործակցության թեմային։ Ղազախստանի ղեկավարն իր հերթին հայտարարել է, որ Պուտինի այցը վկայում է երկու երկրների միջև երկկողմ համագործակցության որակական փոփոխությունների մասին։



