ԱՄԷ-ն հայտնել է երկրի միակ ատոմակայանի դեմ դրոնային հարձակման մասին
Արաբական Միացյալ Էմիրությունների արտաքին գործերի նախարարությունը խստորեն դատապարտել է երկրի միակ ատոմակայանի դեմ ուղղված դրոնային հարձակումը։
Իշխանությունները հայտնել են, որ Աբու Դաբիի Ալ-Զաֆրա շրջանում Բարաքա ատոմային էլեկտրակայանի ներքին անվտանգության գոտուց դուրս գտնվող էլեկտրական գեներատորի դեմ հարձակում իրականացրած անօդաչու թռչող սարքը երկրի տարածք է մտել արևմտյան սահմանից։ Ընդ որում, ՆԳՆ տվյալներով, երկրի տարածք է մտել 3 դրոն, սակայն դրանցից 2-ը չեզոքացվել է և միայն մեկն է հարվածել գեներատորին՝ հրդեհ առաջացնելով։
Միջադեպի հետևանքով տուժածներ կամ ճառագայթային անվտանգության մակարդակների վրա որևէ ազդեցություն չի արձանագրվել։
ԱԳՆ-ն հայտարարության մեջ ընդգծել է, որ այս հարձակումները հանդիսանում են վտանգավոր էսկալացիա, անընդունելի ագրեսիա և ուղղակի սպառնալիք երկրի անվտանգությանը։ «Խաղաղ նպատակներով օգտագործվող միջուկային էներգետիկ օբյեկտների թիրախավորումը միջազգային իրավունքի, ՄԱԿ-ի կանոնադրության և միջազգային մարդասիրական իրավունքի ակնհայտ խախտում է՝ հաշվի առնելով այն լուրջ վտանգները, որոնք կարող են առաջանալ քաղաքացիական բնակչության, շրջակա միջավայրի, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային անվտանգության համար»,- ասվում է հայտարարության մեջ։
ԱՄԷ-ն վերահաստատել է, որ որևէ պայմաններում չի հանդուրժի իր անվտանգության և ինքնիշխանության դեմ ուղղված որևէ ոտնձգություն։
Դեռևս հայտնի չէ, թե ով է հարձակման պատասխանատուն։



