Լիբանանում իսրայելական ուժերի հարձակումներից ևս 8 մարդ է զոհվել
Լիբանանի առողջապահության նախարարությունը մայիսի 13-ին հայտարարել է, որ Բեյրութից հարավ գտնվող ափամերձ ավտոմայրուղուն մեքենաների ուղղությամբ Իսրայելի հարվածների հետևանքով զոհվել է ութ մարդ, այդ թվում՝ երկու երեխա։
Այս մասին հաղորդում է Լիբանանի Ազգային լրատվական գործակալությունը (NNA):
Ավելի վաղ Լիբանանի առողջապահության նախարարությունը հայտարարել էր Լիբանանի տարբեր շրջաններում 13 զոհի մասին։
Չնայած ԱՄՆ նախագահ Թրամփի կողմից ապրիլի 16-ի կեսգիշերին հայտարարված հրադադարին՝ Իսրայելի և «Հեզբոլլահ»-ի միջև բախումները շարունակվում են, հիմնականում՝ Լիբանանի այն տարածքներում, որոնք գտնվում են իսրայելական ուժերի հսկողության տակ։
Ըստ Լիբանանի առողջապահության նախարարության՝ մարտի 2-ից, երբ Իսրայելի վրա «Հեզբոլլահ»-ի հարձակման պատճառով Լիբանանը ներքաշվեց Մերձավոր Արևելքում պատերազմի մեջ, երկրում իսրայելական գործողությունների զոհերի ընդհանուր թիվը հասել է 2869-ի, իսկ վիրավորներինը՝ 8730-ի։



