Բաժիններ՝

Թանգարանների գիշեր. մայիսի 16-ին թանգարանները կգործեն անվճար մինչև կեսգիշեր

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը մայիսի 18-ին հրավիրում է տոնելու Թանգարանների միջազգային օրը և մայիսի 16-ին մասնակցելու «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառմանը:

ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ Թանգարանների միջազգային օրն այս տարի կրում է «Թանգարանները միավորում են մասնատված աշխարհը» խորագիրը՝ ընդգծելով թանգարանների առանցքային դերը՝ որպես մշակութային երկխոսության, փոխըմբռնման և համամարդկային արժեքների պահպանման ու փոխանցման հարթակներ։

Հայաստանի թանգարանները, միանալով միջազգային նախաձեռնությանը, կազմակերպում են բազմաբովանդակ միջոցառումներ՝ ցուցահանդեսներ, կրթական ծրագրեր, վարպետաց դասեր, հանրային քննարկումներ և հատուկ այցելություններ՝ նախատեսված տարբեր տարիքային խմբերի և հետաքրքրությունների շրջանակ ունեցող մարդկանց համար։

Թանգարանների միջազգային օրվա շրջանակում մայիսի 16-ին կանցկացվի նաև ամենասպասված մշակութային միջոցառումներից մեկը՝ Թանգարանների գիշերը։ Այդ օրը Հայաստանի բազմաթիվ թանգարաններ իրենց դռները կբացեն այցելուների առջև մինչև ուշ գիշեր՝ առաջարկելով յուրահատուկ մշակութային ծրագիր։ Այցելուները հնարավորություն կունենան բացահայտելու թանգարանային հավաքածուները նոր ձևաչափով, մասնակցելու ինտերակտիվ միջոցառումների և վայելելու մշակութային հարուստ միջավայր։

Միջոցառումների նպատակն է խթանել հասարակության հետաքրքրությունը մշակութային ժառանգության նկատմամբ, ուժեղացնել թանգարանների և հանրության միջև կապը, ինչպես նաև ընդգծել մշակույթի կարևորությունը համերաշխ և միասնական հասարակության կառուցման գործում։

Մայիսի 16-ին ծրագրին միացած թանգարաններն անվճար սկզբունքով կընդունեն այցելուներին ժամը 11:00-ից մինչև 24:00-ը, իսկ մայիսի 18-ին՝ ըստ հիմնական այցելության ժամերի:

Թանգարանների միջազգային օրը սահմանվել է 1977 թվականին Թանգարանների միջազգային խորհրդի կողմից (ԻԿՕՄ)՝ նպատակ ունենալով համախմբելու թանգարաններին հասարակության և մարդկության առջև ծառացած գլոբալ մարտահրավերների շուրջ՝ միաժամանակ բարձրացնելու հանրային իրազեկվածությունը թանգարանների կարևորագույն դերի մասին: «Թանգարանների գիշեր» ծրագիրը մեկնարկել է 2005 թվականից Ֆրանսիայի մշակույթի և հաղորդակցության նախարարության նախաձեռնությամբ` ԻԿՕՄ-ի, ՅՈՒՆԵՍԿՕ-ի և Եվրախորհրդի հովանավորությամբ: Հայաստանը միացել է «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառմանը 2005 թվականից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031