«Էժանագին շոու»․ Զախարովան՝ Փաշինյանի և Զելենսկու հանդիպման մասին

Հայաստանի իշխանությունների ներկայիս արտաքին քաղաքական գիծը վաղ թե ուշ հանգեցնելու է Բրյուսելի հակառուսական գծում Հայաստանի անդառնալի ներգրավմանը։ Այսօրվա ճեպազրույցի ժամանակ այս հայտարարությունն արեց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ հայ-ռուսական հարաբերությունների համատեքստում մեկնաբանելով մայիսի 4-ին Երևանում կայացած Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը։

Նրա խոսքով՝ նման սցենարը Հայաստանի համար կունենա քաղաքական և տնտեսական հետևանքներ։

«Եվրոպական միության բանաձևը շատ պարզ է։ Տարօրինակ է, որ ոչ ոք չի հասկանում դա՝ սեփական շահերը, այդ թվում` հակառուսական և ռուսատյացության մասով օգտագործելով՝ քամել Հայաստանից վերջին կաթիլը, ընդ որում՝ ոչինչ չտալով դրա դիմաց, բացի PR ակցիաներից»,- հայտարարեց Զախարովան։

ՌԴ ԱԳՆ ներկայացուցչի կարծիքով՝ գագաթաժողովն ինքնին քաղաքական շոու էր՝ պաթետիկ ելույթներով, տեսախցիկներով, հյուրախաղերերով Հայաստան եկածների զբոսանքներով և վազքով։ Նա տեղի ունեցածն անվանեց «փաթեթավորում», որը Բրյուսելը, Փարիզը և ԵՄ այլ ներկայացուցիչներ փորձում են նախընտրական շրջանում «վաճառել» Հայաստանին:

Զախարովայի խոսքով` եվրոպացի պաշտոնյաները փաստացի ցույց տվեցին, որ պատրաստ են առաջիկա ընտրությունների համատեքստում աջակցել Հայաստանի գործող իշխանություններին:

«Եվրաչինովնիկները կրկին հայտարարեցին, որ առաջիկա ընտրարշավի անցկացման հարցում Երևանում կարող են հույս դնել իրենց վրա։ Այդ եվրաբյուրոկրատները հենվել են Հայաստանի վրա, բայց բառի ամենավատ իմաստով։ Պետք է զգույշ լինել», – նշեց նա՝ սա համարելով երկրի ներքին գործերին միջամտելու հերթական օրինակ։

Մեկնաբանելով Հայաստան-ԵՄ գագաթնաժողովի ամփոփիչ հռչակագիրը՝ ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը նշեց` Հայաստանն իր ղեկավարության հավանությամբ ավելի ու ավելի է ներքաշվում դեպի օտար ստանդարտներ ու մեխանիզմներ: Նա հստակեցրեց` խոսքը ոչ թե եվրոպական մշակույթի կամ ընդհանրապես քաղաքակրթության մասին է, այլ «ագրեսիվ եվրատլանտյան մոտեցումների»:

Ռուսական կողմի գնահատմամբ՝ Երևանը խախտել է նախկինում Ռուսաստանի դեմ ուղղված քայլեր չձեռնարկելու իր պարտավորությունները։ Զախարովան հայտարարեց` այն երկիրը, որին Մոսկվայում բարեկամ էին համարում, ամբիոն տրամադրեց ահաբեկչին՝ նեոնացիստական ռեժիմի պարագլխին (նկատի ունի Վլադիմիր Զելենսկուն)։ Նրա խոսքով՝ Երևանում նրան շատ ջերմ ընդունեցին»։
«Զելենսկին օգտվեց հայ տանտերերի՝ նման անհասկանալի քաղաքավարությունից, որպեսզի փորձի դուրս գալ քաղաքական մոռացությունից, հնչեցնի իր ռուսատյաց հարձակումները», – ասաց Զախարովան։

Նա հավելեց, որ Զելենսկու այցը ցուցիչն էր այն բանի, թե ինչ ապագա է նախապատրաստում Եվրամիությունը Հայաստանի համար:

«Անձամբ ես կարծում եմ` հրաշալի է, որ Զելենսկին այս օրերին այցելեց Երևան։ Թող Հայաստանի քաղաքացիները տեսնեն, թե ով է Բրյուսելի համար իրենց հաջող քաղաքականության խորհրդանիշը։ Հենց Զելենսկու երևանյան այցն էր, որ Հայաստանի քաղաքացիներին ցույց տվեց այն ապագան, որը նրանց համար պատրաստել է Եվրամիությունը», – հայտարարեց նա։

Բացի այդ, ըստ Զախարովայի, Հայաստանի շարքային քաղաքացիներն ուղիղ օգուտ չեն ստանա ԵՄ-ի հնարավոր ֆինանսական օգնությունից:

«Նույնիսկ եթե դա լինի վարկերի տեսքով, ապա շարքային քաղաքացին Հայաստանում դրանք չի տեսնի։ Անխոհեմ գծի հետևանքով Հայաստանի քաղաքացիներն աշխատելու են Բրյուսելի շահերը ապահովելու, վարկերի տոկոսները վճարելու համար, պարզապես սեփական գրպանից վճարելու են հենց այդ եվրատլանտյան վարձը», – նշեց նա։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031