Ֆրանսիայի նախագահը մայիսին պետական այցով կժամանի Հայաստան
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մայիսին պետական այցով կժամանի Հայաստան։ Նրա այցը քննարկել են ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը և Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին։ Այս մասին հայտնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։
«Փոխվարչապետն առանձնահատուկ ընդգծել է մայիսի 4-ին Եվրոպական քաղաքական համայնքի (ԵՔՀ) գագաթնաժողովին, ինչպես նաև հաջորդ օրը՝ մայիսի 5-ին, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ պետական այցի շրջանակում Հայաստանում գտնվելու կարևորությունը»,– ասված է հաղորդագրությունում:
Այցին ընդառաջ մանրամասն անդրադարձ է կատարվել երկկողմ հարաբերությունների օրակարգային մի շարք հարցերի, այդ թվում՝ խմելու ջրամատակարարման և ջրահեռացման, Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի կառուցման շրջանակում ֆրանսիական կողմի ներգրավվածության, կրթական համագործակցության, ինչպես նաև ռազմավարական նշանակության այլ ծրագրերի և նախաձեռնությունների վերաբերյալ:
Հիշեցնենք, որ Մակրոնը Հայաստանում է եղել 2018 թվականի հոկտեմբերին։ Նա ժամանել էր Երևան` մասնակցելու ՀՀ մայրաքաղաքում անցկացվող Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին։
Նիկոլ Փաշինյանը Մակրոնին 2022-2025 թվականներին 6 անգամ հրավիրել է Հայաստան։



