Իսկ ՇՊՀ ուսանողների ծնողները տեղյա՞կ են՝ Լևոն Բարսեղյանն ինչ հանդիպումներ է կազմակերպում իրենց երեխաների համար

Երկու օր առաջ Շիրակի պետական համալսարանի (ՇՊՀ) հոգաբարձուների խորհրդի նախագահ, Գյումրիի «Ասպարեզ» ակումբի հիմնադիր և ղեկավար Լևոն Բարսեղյանի, «արևմտամետների» ու երիտասարդների մասնակցությամբ մի հանդիպման մասին հրապարակում հայտնվեց Լևոն Բարսեղյանի asparez.am կայքում՝ «Հայ-ադրբեջանական երկխոսությունն ու Հայաստանը 2018թ.-ից հետո» վերտառությամբ:

Մասնակիցների կազմը տպավորիչ ու կանխատեսելի էր. Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյան, «Ալիքմեդիա»-ի հիմնադիր Արսեն Խառատյան, Լևոն Բարսեղյան… Եվ երիտասարդներ…

Կարդացեք նաև

Հանդիպման թեման, դատելով հրապարակումից, պետք է որ լիներ խաղաղությունը, լյուստրացիան, կոռուպցիան, որի հատկապես համակարգային տեսակը, ըստ Լևոն Բարսեղյանի, Հայաստանում իսպառ վերացել է, պետության զավթումը և դե, իհարկե, հայ-ադբեջանական «բարեկամությունը»:

Այստեղ ոչ մի հետաքրքիր բան չկար, հետաքրքիրը երիտասարդների մասնակցությունն էր այդ հանդիպմանը կամ քննարկմանը, և 168.am-ը փորձեց հասկանալ՝ ովքեր են նրանք:

Պարզվեց՝ արդեն տևական ժամանակ Լևոն Բարսեղյանի ու այլ սորոսականների զոնդաժի ունկնդիրները Շիրակի պետական համալսարանի (ՇՊՀ) պատմության բաժնի ուսանողներն են: Ընդ որում, ուսանողներին ուղեկցողներից մեկը ՇՊՀ բնագիտա-մաթեմատիկական ֆակուլտետի դեկան Լևոն Մարտիրոսյանն է, ով նախկինում սերտ կապեր է ունեցել ՀՅԴ-ականների հետ, հպարտացել այդ կապերով, բայց 2018թ.-ից արդեն ՔՊ-ական գաղափարների համակիրը, դրանց կրողն ու տարածողն է և հենց այդ «վաստակի» համար էլ դարձել է ֆակուլտետի դեկան:  Հատկանշական է, որ նա հայտնի է իր հակաեկեղեցական հրապարակումներում ու Ամենայն Հայոց կաթողիկոսի շարունակական թիրախավորմամբ տարիներ շարունակ:

Լևոն Մարտիրոսյանի քրոջ որդին՝ Վարդան Սրտաշյանը, նույնպես քաղաքական նկրտումներ ունի, Գյումրիի «Արաքս» հյուրանոցի վարձակալն է, և նրա ոչ վաղ անցյալի գործունեությանը մենք նույնպես անդրադարձել ենք ժամանակին: Այս ընտանիքում տարատեսակ քաղաքական հայացքների հրապարակային արտահայտությունը նորմալ է, որովհետև հաշվարկը կատարված է՝ «բա որ իրավիճակ փոխվի» հայտնի թեզի վրա:

Մեր թեթև հետաքննությունը պարզեց, որ ուսանողների «վերբովկան» տեղի է ունենում հետևյալ սխեմայով՝ ՇՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը, փաստորեն, իր քաղաքական հայացքները ԲՈՒՀ-ի ուսանողների շրջանում տարածելու համար օգտագործում է իր պաշտոնեական դիրքը, ռեկտոր Երվանդ Սերոբյանին նամակ է գրում, ով էլ այն մակագրում է Պատմության ֆակուլտետի համապատասխան պատասխանատուին: Ամեն դեպքում մեզ հավաստիացրեցին՝ ֆակուլտետի դեկան, ռուսաց լեզվի մասնագետ Աիդա Գարեգինյանը տեղյակ է, որ ուսանողներին նման հանդիպումների են տանում պարբերաբար:

Ի դեպ, մեր տեղեկություններով, նույն ռեկտոր Երվանդ Սերոբյանը ՇՊՀ դեկաններից մեկի միջոցով տապալել է Թուրքմենչայի պայմանագրի հերթական տարելիցի վերաբերյալ Ռուսական 102-րդ ռազմաբազայի տարածքում անցկացվելիք սեմինար-քննարկումը, ինչի մասին տեղեկությունը հետագայում հայտնվեց իշխանության հետ կապվող տելեգրամյան ալիքներից մեկում և ներկայացվեց՝ որպես հաջողված դեպք: Փաստորեն, Շիրակի պետական համալսարանը դարձել է հակառուսականության, այսպես կոչված՝ պրոարևմտամետության ու թուրք-ադրբեջանական տանդեմի սիրելի քարոզչավայրը:

Հիշեցնենք, որ մինչև 2022թ. ՇՊՀ-ն Ռուսաց լեզվի ամբիոն ունեցել է, որը փակվել է ԲՈՒՀ-ի սորոսականների գործուն ջանքերի շնորհիվ: 168.am-ը դրան մանրամասն անդրադարձել է:

Ուշագրավ է, որ օտար լեզուների հետ միավորված ամբիոնի վարիչ Աիդա Գարեգինյանը, ուսանողների հավաստմամբ, երբևէ չի էլ փորձել թեկուզ ձևականորեն հայ-ռուսական մշակութային կապերի մասին միջոցառում կազմակերպել, ինչն ինքնին անշառ բան է, բայց քանի որ ինքը նաև ՇՊՀ հոգաբարձուների խորհրդի անդամ է, թերևս չի ուզում բարկացնել կամ նեղացնել Լևոն Բարսեղյանին, ում հետ ունի ջերմ հարաբերություններ:

Ավելին, Պատմության բաժնի տարբեր ուսանողների Պատմության և իրավագիտության ամբիոնի վարիչ Արշավիր Գասպարյանն անձամբ է տանում այդ հանդիպումներին: Վերջինիս եղբայրը՝ Հենրի Գասպարյանը, ի դեպ, Գյումրու գլխավոր ճարտարապետն է:

Փաստորեն, ուսանողները «մասսովկա» են ապահովում, մարդաշատության տպավորություն ստեղծում՝ ձեռքի հետ էլ փորձելով «հավաքագրել». միգուցե ստացվի:

Ի պատիվ ՇՊՀ ուսանողների՝ պետք է ասել, որ այնպես չէ, որ նրանք այդ գաղափարների կիսողն են ու համակիրը, պարզապես շառից-փորձանքից հեռու՝ չեն մերժում ամբիոնի վարիչին: Այստեղ հարց է առաջ գալիս՝ թեպետ ուսանողները, իհարկե, չափահաս են և ունակ ինքնուրույն որոշումներ կայացնել, բայց հետաքրքիր է՝ նրանց ծնողները տեղյա՞կ են, որ իրենց երեխաները մասնակցում են Լևոն Բարսեղյանի կազմակերպած քննարկումներին:

Մեզ ասացին՝ նման հանդիպումներին մասնակից չեն դառնում Պատմության ֆակուլտետի դասախոսները, հատկապես՝ նրանք, ովքեր կարող են տեղում անհարմար դրության մեջ դնել, այսպես կոչված՝ սորոսական քարոզիչներին:

Մեր տեղեկություններով՝ վերջին ամիսներին եթե ՇՊՀ-ում միջոցառումներ են լինում, և դրանք կապված են ռուսական մշակույթի հետ, դրանք բոյկոտվում են, փոխարենը՝ խրախուսվում են նմանատիպ միջոցառումները:

Օրինակ՝ ՇՊՀ ուսանողներից մեկը մեզ պատմեց՝ Ֆակուլտետի աշխատակիցներից մեկը ռուսական մշակույթին նվիրված միջոցառում է կազմակերպել, ցանկացել հրավիրել ուսանողների ու դասախոսների, սակայն ընդամենը 1-1.5 ամիս առաջ այնպես են արել, որ այդ միջոցառումը չկայանա:

Բայց, օրինակ, նույն ՇՊՀ-ում մեծ հանդիսավորությամբ կազմակերպվել է ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսի և ՀՀում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսի  հանդիպումը ՇՊՀ նիստերի դահլիճում, ուսանողների և աշխատակիցների հետ: Ի դեպ, այդ հանդիպման մասին հրապարակումներ կան ՇՊՀ ֆեյսբուքյան էջում և նույն «Ասպարեզ» ակումբի:

Վերադառնալով Լևոն Բարսեղյանի ու զանազան հակառուսների հետ ուսանողների հանդիպմանը՝ ուշագրավ հանգամանք ենք նկատում. իսկ Լևոն Բարսեղյանի՝ որպես ՇՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահի պաշտոնեական ո՞ր պարտականություններից է բխում ուսանողների մասնակցությամբ նմանօրինակ հանդիպումներ կազմակերպելը, ինչո՞վ է դա նպաստում սովորողների մասնագիտական պատրաստվածությանը:

Այսինքն՝ ԲՈՒՀ-ում կառավարման առումով իդեալական վիճակ է, և Լևոն Բարսեղյանն այլ զբաղմունք չունի, քան հագուրդ տալ իր աշխարհաքաղաքական շահերի բավարարմանն ուսանողների միջոցով: Իսկ որ ՇՊՀ-ում անկառավարելի բարդակ է, 168.am-ի բազմաթիվ հրապարակումները դրա վառ օրինակն են:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031