Խոջալուն քաղաքական մանիպուլյացիա է, Ադրբեջանի հանցագործությունը՝ ընդդեմ մսխեթցի թուրքերի. Լարիսա Ալավերդյան
168TV-ի «Թրիգեր» հաղորդաշարի հյուրը Հայաստանի մարդու իրավունքների նախկին պաշտպան, «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանն է:

Հարցազրույցի ընթացքում քննարկվել են հիշողության քաղաքականությանը և պատմական իրադարձությունների լուսաբանման մոտեցումներին առնչվող հարցեր։ Մասնավորապես, անդրադարձ է կատարվել Հայաստանում Սումգայիթի ջարդերի տարելիցի նկատմամբ վերաբերմունքի և Ադրբեջանում, այսպես կոչված, Խոջալուի իրադարձություններին նվիրված միջոցառումների պետական մակարդակի միջև առկա հակադրությանը։
Առանձնակի ուշադրություն է դարձվել միջազգային-իրավական օրակարգին, ներառյալ՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռը Ռամիլ Սաֆարովի գործով, որի շրջանակներում արձանագրվել են կյանքի իրավունքի և էթնիկ խտրականության արգելքի խախտումներ, ինչպես նաև Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի հետագա կոչերն Ադրբեջանին՝ փոփոխություններ մտցնել ազգային օրենսդրության մեջ։

Զրույցի ընթացքում դիտարկվել է նաև Բաքվում պահվող հայ գերիների հետ կապված իրավիճակը, ներառյալ՝ իրավական պաշտպանության հասանելիության, արտաքին աշխարհի հետ հաղորդակցության և միջազգային մեխանիզմների ներգրավվածության հարցերը։
Բացի այդ, քննարկումը շոշափել է Հայաստանի իշխանությունների ընթացիկ հայտարարությունները, այդ թվում՝ արձագանքն Արցախի մասին գրքին և Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի շուրջ ստեղծված իրավիճակը՝ պետական քաղաքականության և հանրային քննարկումների համատեքստում։

Հայկ Դերզյան



