Քենթի հրաժարականն ուշագրավ է, և առաջացնում է հարց՝ արդյո՞ք դա կարող է լինել շղթա, որի շրջանակում հրաժարական կներկայացնեն Թրամպի քաղաքականությունը չողջունող պաշտոնյաները. Հակոբ Բադալյան

Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը Թելեգրամի իր ալիքում գրում է. «ԱՄՆ՝ ահաբեկչության դեմ պայքարի ազգային կենտրոնի ղեկավար Ջո Քենթը հայտարարել է իր հրաժարականի մասին: Քենթը ասել է, որ այդ քայլին է դիմում Իրանի հարցում վարվող քաղաքականության հետ անհամաձայն լինելու պատճառով: Նա նշել է, թե չի կարող հանգիստ խղճով պաշտպանել Իրանի դեմ պատերազմը: Ըստ նրա, Իրանը չէր ներկայացնում սպառնալիք Նահանգների համար եւ ակնհայտ է, որ պատերազմի մեջ ԱՄՆ մտել է Իսրայելի դրդմամբ եւ իսրայելական լոբբիի ազդեցությամբ:

Քենթի հրաժարականն ուշագրավ է, և առաջացնում է հարց, թե արդյո՞ք դա կարող է լինել շղթա, որի շրջանակում հրաժարական կներկայացնեն Իրանի դեմ պատերազմի հարցում Թրամպի քաղաքականությունը չողջունող պաշտոնյաները:

Կարո՞ղ են օրինակ հաջորդը լինել Ազգային հետախուզության տնօրեն Թուլսի Գաբարդը եւ փոխնախագահ Վենսը: Թուլսի Գաբարդը չի խոսում Իրանի դեմ պատերազմի մասին, բայց նաեւ հայտնի է, որ ամերիկյան հետախուզությունը Թրամպին ներկայացրել է տվյալներ, որոնք չեն պարունակել պատերազմի անհրաժեշտության ռեկոմենդացիա:

Իսկ այն, որ փոխնախագահ Վենսը դեմ է եղել պատերազմին, ըստ էության, խոստովանել է ինքը Թրամպը, և անուղղակի խոստովանել է նաեւ Վենսը: Երբ նրան հարցրին օրերս, թե ճի՞շտ է արդյոք, որ պատերազմից առաջ փակ քննարկմանը ինքը դեմ է արտահայտվել պատերազմին, Վենսը չհերքեց, այլ ընդամենը հայտարարեց, թե փակ սենյակում տեղի ունեցածի մասին չի հայտնի ոչինչ:

Արդյո՞ք Թրամպի վարչակազմից կանջատվի մի կորիզ, որը 2028-ի նախագահի ընտրությանը կդառնա Հանրապետական կուսակցության հավակնորդ թիմ, օրինակ փոխնախագահ Վենսի գլխավորությամբ: Իհարկե մեկ հրաժարականի պայմաններում հազիվ թե կարող ենք անել այդքան հեռուն գնացող դատողություններ, բայց համենայն դեպս հետաքրքիր կլինի հետեւելը»:

Տեսանյութեր

Լրահոս