Հաշվարկն այն էր, որ տեղի կունենա պետական կառուցակարգերի փլուզում և «ժողովրդական ապստամբություն». Ոսկանյան

Իրանագետ Վարդան Ոսկանյանը տելեգրամյան իր ալիքում գրում է. «Կասկած չկա, որ Իրանի դեմ պատերազմի հիմնական նպատակն այս երկիրը ներքին քաոսի մատնելը և, ի վերջո, խամաճիկ իշխանության հաստատումն էր, նույնիսկ եթե դա հանգեցներ Իրանի մասնատման։

Հաշվարկն այն բանի վրա էր, որ արտաքին ծանր հարվածների հետևանքով տեղի կունենա պետական կառուցակարգերի փլուզում և «ժողովրդական ապստամբություն»։

Մինչդեռ հենց Իրանի ներսից կարծիքներ հրապարակող արևմտյան ԶԼՄ-ներում ավելի տեսանելի է դառնում այն տեղեկատվությունը, որ տեղի է ունեցել պետության շուրջ ժողովրդական զգալի համախմբում։

Դրա պատճառները բազմաթիվ են, բայց կարծում եմ՝ չափազանց կարևոր հանգամանք է այն, որ իրանական ազգայնականությունն արդեն վաղուց նկատելիորեն սերտաճել է շիայական գաղափարախոսության հետ, և դրա վերջին ապացույցներից մեկը Իրանի նոր հոգևոր առաջնորդի երեկվա ուղերձի բովանդակությունն էր, որը կարելի է բնորոշել՝ ազգայնական-շիայական։

Համախմբման համար մյուս կարևոր հանգամանքը ԱՄՆ-ից և Իսրայելից հնչող պարբերական սպառնալիքներն են «Իրանը ջնջելու», «Իրանի այժմյան սահմաններում մնալու անհնարինության» և նմանօրինակ այլ բովանդակությամբ, որտեղ խոսքը ոչ թե երկրի իշխանության, այլ ընդհանրապես Իրանի մասին է, ինչը նման հռետորաբանությամբ հանդես եկող հակառակորդի դեմ պայքարում իշխանությանն ինքնաբերաբար դարձնում է ոչ թե սեփական աթոռի, այլ հենց Իրանի՝ որպես պետության և ազգի, կենսունակության համար պայքարող սուբյեկտ՝ հատկապես, երբ նման պայքար իրականում էլ մղվում է»։

Տեսանյութեր

Լրահոս