Իրանի կողմից Amazon-ի տվյալների կենտրոնների վրա հարվածները կարող են ներդրողներին մտածելու առիթ տալ. FT

Մերձավոր Արևելքում Amazon Web Services (AWS) տվյալների կենտրոնների վրա իրանական անօդաչու թռչող սարքերի հարվածները կարող են տեղական իշխանություններին դրդել վերանայել այս ոլորտում ներդրումները շարունակելու հարցը, քանի որ դրանք ընդգծում են ամպային տեխնոլոգիական ենթակառուցվածքների խոցելիությունը, հաղորդում է Financial Times-ը։

Չորեքշաբթի օրը իրանական Fars լրատվական գործակալությունը հաղորդել է, որ Մերձավոր Արևելքում գտնվող Amazon-ին պատկանող տվյալների վերամշակման խոշորագույն ամերիկյան կենտրոնը Բահրեյնում հարձակման է ենթարկվել Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի անօդաչու թռչող սարքերի կողմից: Մինչ այդ Amazon-ի մեկ այլ կենտրոն հարձակման էր ենթարկվել ԱՄԷ-ում: Ավելի վաղ NBC-ն, հղում անելով ընկերությանը, հաղորդել էր, որ հարվածից հետո ԱՄԷ-ում գտնվող Amazon-ի ամպային տվյալների կենտրոններից մեկն անջատվել է:

«Այս շաբաթ Միացյալ Արաբական Էմիրություններում և Բահրեյնում Amazon Web Services-ի օբյեկտների վրա անօդաչու թռչող սարքերի հարվածները ընդգծում են ամպային ենթակառուցվածքների՝ տարածաշրջանում ԱՄՆ տեխնոլոգիական հզորության կարևոր խորհրդանիշների խոցելիությունը, որոնք դժվար է պաշտպանել օդային հարձակումներից»,- ասվում է հոդվածում։

Հոդվածում ասվում է, որ սա կարող է ետ պահել ԱՄԷ-ին և Սաուդյան Արաբիային առաջիկա տարիներին տեղական արհեստական ​​​​բանականության ենթակառուցվածքներում միլիարդավոր դոլարներ ներդնելու ծրագրերից, որը նավթով հարուստ պետությունների տնտեսությունները դիվերսիֆիկացնելու ջանքերի կարևորագույն տարր է։

Տեսանյութեր

Լրահոս