Երևանը պաշտոնապես առաջարկե՞լ է երկաթուղու կառավարման փոփոխություն․ հարց՝ Նիկոլ Փաշինյանին
ՀՀ կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում՝ պատասխանելով հարցին՝ արդյոք ռուսական կողմի հետ շարունակվո՞ւմ են քննարկումները այս հարցի շուրջ, Նիկոլ Փաշինյանն ասաց, թե «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերության կոնցենսիոն կառավարումն այլ երկրի հանձնելու վերաբերյալ Ռուսաստանի գործընկերների հետ քննարկումներ կան աշխատանքային մակարդակում։
Հիշեցնենք, որ Փաշինյանը հայտարարել էր, թե իր ցանկությունն է, որ ՌԴ գործընկերները Հայաստանի երկաթուղիների կոնցեսիոն կառավարումը վաճառեն Երևանի և Մոսկվայի բարեկամ որևէ երկրի։ Նա նաև բարձրացրել էր Ադրբեջանի և Թուրքիայի հետ սահմանային երկաթուղային հանգույցների վերականգնման հարցը, որոնք չեն գործում 90-ականների սկզբից։
«ՌԴ մեր գործընկերների հետ հարցի վերաբերյալ մենք որոշակի ըմբռնում ենք տեսնում, որի համար շատ շնորհակալ եմ, քանի որ էլի եմ ասում` մեր ասածի մեջ որևէ բան, որն ուղղված է Ռուսաստանի դեմ, չկա։ Մենք մեր գործընկերների հետ կիսվում ենք օբյեկտիվ իրավիճակով, որ Հայաստանն այս առումով իր մրցակցային առավելությունները կորցնում է։ Մենք այլ մոտիվացիա չունենք։ Հույս ունենք, որ մենք կհասնենք կոնկրետ լուծումների»,- այսօրվա ճեպազրույցում հայտարարեց Փաշինյանը։
Հիշեցնենք, որ «Հայկական երկաթուղիները« ՀԿԵ-ի կոնցեսիոն կառավարմանն է հանձնվել 30 տարով 2008 թվականի փետրվարին՝ ևս 10 տարի երկարաձգելու իրավունքով։



