ԱՄՆ նախկին հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ջեֆրին քննադատել է Սիրիայի հյուսիս-արևելքում «քրդական զինված անկլավին» աջակցումը՝ այն համարելով ԱՄՆ շահերին հակասող
ԱՄՆ նախկին դեսպան և Թրամփի առաջին վարչակազմում Սիրիայի հարցով հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ջեֆրին հայտարարել է, որ Վաշինգտոնի շահերից չի բխում Սիրիայի հյուսիս-արևելքում զինվորականացված, քրդական առաջնորդությամբ կառավարվող կառույցի (անկլավի) երկարաժամկետ պահպանումն ու աջակցումը։
Ջեֆրին նշել է մի քանի հիմնական պատճառ․ առաջին՝ այդ տարածքներում բնակչության մեծ մասը արաբներ են, որոնք, նրա գնահատմամբ, չեն ցանկանում ապրել Սիրիայի դեմոկրատական ուժերի (SDF) վերահսկողության ներքո, երկրորդ՝ Սիրիայի նավթի և գազի հիմնական պաշարները կենտրոնացված են հենց հյուսիս-արևելքում, ինչը թեման դարձնում է լայն տարածաշրջանային շահերի բախման կետ, և երրորդ՝ կա ԱՄՆ-ի տարածաշրջանային դաշնակիցների անվտանգային մտահոգությունների ու շահերի հարցը։
Վերլուծաբանների գնահատմամբ՝ Թուրքիան և Սաուդյան Արաբիան զգալի ազդեցություն են ունեցել Թրամփի վարչակազմի դիրքորոշման ձևավորման վրա՝ կապված թե՛ SDF-ի, թե՛ Դամասկոսի իշխանությունների հետ հարաբերությունների վերադասավորման հետ։
Այս հայտարարությունները հնչում են այն ֆոնին, երբ Սիրիայի հյուսիս-արևելքում վերջին շաբաթներին տեղի ունեցած զարգացումների պատճառով ԱՄՆ քաղաքականության շուրջ ակտիվ քննարկումներ են ընթանում․ Reuters-ը գրում է, որ Վաշինգտոնը աջակցել է SDF-ի ինտեգրման գաղափարին՝ որպես նոր ուժային պայմանավորվածությունների մաս։
