Ով է մեղադրյալը՝ անհիմն ամբաստանված Մկրտիչ Սրբազա՞նը, թե՞ «տուժած» կարգալույծները․ Արթուր Ղամբարյան
Իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արթուր Ղամբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Դիտում էի Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ Սրբազանի և մյուսների դատավարությունը և դժվարությամբ էի կողմնորոշվում՝ թե ով է մեղադրյալը՝ անհիմն ամբաստանված Սրբազա՞նը, թե՞ «տուժած» կարգալույծները։ Թե ով է դատախազը՝ հոգևոր-հանրային շահերը հետևողականորեն պաշտպանող մասնավոր փաստաբանների պրոֆեսիոնալ խո՞ւմբը, թե՞ մեկ մասնավոր կետից բխող շահերը կուրորեն սպասարկող հանրային մեղադրողը։
Մի բան պարզ էր. իր պետության պաշտպանությունից զրկված և նրա կողմից անհիմն ամբաստանված Սրբազանը կանգնած էր խաղաղ և լուռ ուժի նման, իսկ պետական հատուկ պաշտպանության ներքո գտնվող կարգալույծները նստած էին՝ տագնապած ու երկյուղած։
Թվայնացված հասարակությունը նույնիսկ առանց խոր վերլուծության, ինտուիտիվ զգացողության ամենանուրբ մակարդակում, անկարող էր չհասկանալ ճշմարտությունը. այդ փաստաբաններն էին, որ երեկ դատական նիստի դահլիճում կատարում էին իրական արդարադատության ծեսը»։
