Դեսպան Տիգրան Մկրտչյանը Հունաստանի առողջապահության նախարարին է փոխանցել Հայաստան այցելելու հրավերը
Հունաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպել է Հունաստանի առողջապահության նախարար Ադոնիս Գեորգիադիսի հետ։
Ինչպես տեղեկանում ենք դեսպանության տարածած հաղորդագրությունից, Տիգրան Մկրտչյանը շնորհակալություն է հայտնել Ադոնիս Գեորգիադիսին ընդունելության համար, առաջարկել է ակտիվացնել հայկական կողմի հետ շփումները առողջապահության ոլորտում համագործակցության ուղղությամբ:
Մասնավորապես, անդրադարձ է կատարվել առողջության առաջնային պահպանման ոլորտում բուժօգնության կազմակերպման հունական փորձի ուսումնասիրությանը։ Նաեւ ընդգծվել է Հունաստանի Հանրային առողջապահության ազգային ինստիտուտի հետ համագործակցության հաստատման կարևորությունը։
Ադոնիս Գեորգիադիսն, իր հերթին, ողջունելով դեսպան Մկրտչյանին` փոխանցել է բարեկամ Հայաստանի հետ երկկողմ բազմոլորտ համագործակցությունը շարունակաբար զարգացնելու հունական կողմի պատրաստակամությունը։
Դեսպանը փոխանցել է հայկական կողմի բաց հրավերը Ադոնիս Գիորգիադիսին Հայաստանում առաջիկայում ընդունելու վերաբերյալ։
