Իրանը բանակցություններ է ուզում, ԱՄՆ-ն պատրաստ է դրանց. Թրամփ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանը շահագրգռված է բանակցությունների հարցում, և Վաշինգտոնը պատրաստ է երկխոսության։
«Իրանը բանակցություններ է ուզում, և մենք կբանակցենք»,-հայտարարել է Թրամփը Շվեյցարիայի Դավոս քաղաքում անցկացվող համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակում Գազայի հարցով «Խաղաղության խորհրդի» կանոնադրության ստորագրման արարողության ժամանակ։
Ավելի վաղ հայտնել էինք, որ համաժողովի շրջանակում 19 երկրներ ստորագրել էին «Խաղաղության խորհրդի» կանոնադրությունը։ Փաստաթուղթը ստորագրել են ԱՄՆ նախագահը և Թրամփի կողմից այդ կառույց հրավիրված երկրների ղեկավարները, այդ թվում՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Հենց որ «Խաղաղության խորհուրդը» վերջնականապես ձևավորվի, մենք կկարողանանք փաստացի անել այն, ինչ ցանկանանք։ Մենք դա ՄԱԿ-ի հետ համատեղ ենք անելու»,-ստորագրման արարողության ժամանակ ասել է ԱՄՆ առաջնորդը։
Թրամփը նաև հայտարարել է, որ ինքն է գլխավորելու «Խաղաղության խորհուրդը»։
Դեկտեմբերի վերջին և հունվարի սկզբին Իրանում հակակառավարական ցույցեր անցկացվեցին։ Այդ ընթացքում Դոնալդ Թրամփը սպառնում էր հարված հասցնել Իրանին՝ ի պաշտպանություն այդ ցույցերի։ Միաժամանակ բանակցություններ էին ընթանում Իրանի արտգործնախարար Աբաս Արաղչիի և ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆի միջև։
