ՍԴ դատավորները ևս հավելավճար կստանան. Կառավարությունը հավանություն տվեց օրինագծին
Կառավարությունն իր այսօրվա՝ հունվարի 22–ի նիստում հավանություն կվեց «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի փոփոխություններին։
Նախագծի հիմնավորման մեջ ասվում է. «Սահմանադրական դատարանի դատավորների վարձատրության հետ կապված հարաբերությունները ներկայումս կարգավորվում են «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքով։ Սակայն օրենքի դրույթների վերլուծությունը և դրանց կիրառման պրակտիկան ցույց են տալիս, որ ՍԴ դատավորների վարձատրությունը՝ իր կառուցվածքով և չափերով, համարժեք չէ վերջիններիս բարձր իրավական կարգավիճակին, սահմանադրական լիազորությունների ծավալին և գործունեության համար բնորոշ բարձր պատասխանատվության աստիճանին։
Արդյունքում, առաջացել է օբյեկտիվ անհրաժեշտություն՝ վերանայելու Սահմանադրական դատարանի դատավորների վարձատրության կառուցվածքը և սահմանելու լրացուցիչ աշխատավարձի տարբերակված համակարգ։ Նման համակարգի ներդրումը նպատակ ունի ապահովել սահմանադրական արդարադատություն իրականացնող մարմնի լիարժեք անկախությունը, նվազեցնել դատավորների նկատմամբ արտաքին ազդեցությունների հնարավորությունը և ամրապնդել Սահմանադրական դատարանի ինստիտուցիոնալ կայունությունն ու գործառնական արդյունավետությունը։
Հաշվի առնելով վերոգրյալը՝ մշակվել են սույն նախագծերը, որոնց նպատակն է՝ սահմանել Սահմանադրական դատարանի դատավորների համար լրացուցիչ նյութական երաշխիքներ՝ այդ կերպ ապահովելով Սահմանադրական դատարանի նախագահի, փոխնախագահի, դատավորի կարգավիճակին ու պատասխանատվությանը համարժեք վարձատրություն՝ Սահմանադրության 164-րդ հոդվածի 10-րդ մասով նախատեսված սկզբունքների շրջանակում։
Սահմանադրական դատարանի դատավորների պաշտոնային դրույքաչափերի գործակիցների նկատմամբ նոր հավելավճարների սահմանման անհրաժեշտությունը պայմանավորված է դատարանի սահմանադրաիրավական կարգավիճակով և առանձնահատուկ լիազորությունների շրջանակով։
