Քիչ հավանական է, որ ԱՄՆ-ն լայնածավալ գործողություն սկսի Իրանի դեմ. փորձագետ
Այս պահին քիչ հավանական է, որ ԱՄՆ-ն Իրանի դեմ լայնածավալ ռազմական գործողություն սկսի։ Նրանք կարող են փորձել օգտագործել ստեղծված իրավիճակը՝ Թեհրանի հետ բանակցություններում իրենց նախընտրած հարցերն առաջ մղելու համար: РИА Новости-ի հետ զրույցում նման կարծիք է հայտնել «Валдай» միջազգային քննարկման ակումբի փորձագետ Անդրեյ Կորտունովը:
«Ես լրջորեն կասկածում եմ, որ ԱՄՆ-ն այս պահին պատրաստ է Իրանի դեմ լայնածավալ, խոշոր գործողության։ Դա կպահանջի բոլորովին այլ մասշտաբի գործողություն, քան Վենեսուելայում, անորոշության բոլորովին այլ գործոններով։ Կարծում եմ՝ Իրանում իրավիճակի դինամիկան, առաջին հերթին, կորոշվի ներքին գործոններով, այլ ոչ թե ԱՄՆ-ի, Իսրայելի կամ որևէ այլ անձի կողմից ճնշման արդյունքում։ Սա քիչ հավանական է մոտ ապագայում»,- ասել է փորձագետը։
Կորտունովը չի բացառել, որ ԱՄՆ-ն կարող է լրացուցիչ պատժամիջոցներ կիրառել և դիվանագիտական ճնշում գործադրել։ Սակայն նա նշել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի համար այդքան էլ կարևոր չէ, թե ով է իշխանության գլուխ Իրանում. նա ավելի շատ մտահոգված է, որ Թեհրանը խնդիրներ չստեղծի իր համար տարածաշրջանում։
