Նիկոլ Փաշինյանին սպասարկող ավտոմեքենայի համարանիշները կփոխվեն. նա «գոլդ» թվերի ու «պադավատների» մեծ սիրահար է
Ժամանակին գոլդ համարանիշների, «պադավատների» դեմ «պայքարող» Նիկոլ Փաշինյանը, պարզվում է՝ ոչ միայն շքեղ «պադավատների», այլև գոլդ համարանիշների մեծ սիրահար է։
Այսօր կառավարության նիստում որոշվեց, որ վարչապետին սպասարկող տրանսպորտային միջոցի համարանիշի «001 UU» թվերի և տառերի հավաքածուն փոխարինվում է միայն «1» թվով։ Նախագիծը մշակվել է ՆԳՆ կողմից։
Ներքին գործերի նախարարության մշակած նախագծի հիմնավորմամբ նշվում է, որ միջազգային փորձի ուսումնասիրությունը ցույց է տվել՝ բազմաթիվ երկրներում բարձրաստիճան պաշտոնյաների սպասարկող մեքենաները ունեն ստանդարտից տարբերվող, առավել պարզ համարանիշներ։ Օրինակ՝ Շվեդիայում և Իսլանդիայում կիրառվում են նույնիսկ մեկ նշան պարունակող համարանիշներ՝ պետական խորհրդանիշների համադրությամբ։
Նախագծի ընդունմամբ ակնկալվում է վարչապետի ավտոմեքենայի համարանիշը համապատասխանեցնել միջազգային արդի միտումներին։
Ըստ հիմնավորման՝ փոփոխությունը լրացուցիչ ֆինանսական բեռ չի առաջացնի և բյուջեի վրա ազդեցություն չի ունենա։
