FIS-ը հայ դահուկորդին տուգանել է մարզահագուստի վրա «Ադրբեջան» գրությունը ծածկելու համար
Դահուկային սպորտի և սնոուբորդի միջազգային ֆեդերացիան (FIS) հայ դահուկորդ Միքայել Միքայելյանին տուգանել է մարզահագուստի վրա «Ադրբեջան» գրությունը ինքնակպչուն ժապավենով ծածկելու համար։
Տուգանքի չափը չի նշվել։ Մարզիկն իր գործողությունների համար բացատրություն չի ներկայացրել։
Դեպքը տեղի է ունեցել Իտալիայի Տոբլախ քաղաքում՝ մրցարշավներից մեկի ժամանակ։ Դահուկային մարզահագուստի վրա «Ադրբեջան» գրվածից բացի, Tour de Ski-ի ողջ ընթացքում ցուցադրվել են նաև երկրի անունը պատկերող մեծ գովազդային վահանակներ։
Միջազգային ֆեդերացիայի կողմից մարզիկների համազգեստի վրա «Ադրբեջան» անունը ներառելու որոշումը զարմանք է առաջացրել նաև մյուս մրցակիցների շրջանում։ Հայտնի նորվեգացի դահուկորդ, աշխարհի չեմպիոն և Ski Classics-ի հաղթող Աստրիդ Էյր Սլինդի համար այս քայլը տարօրինակ է թվացել։
«Ես անկեղծորեն չգիտեի սա… Այո, դա շատ անսովոր է։ FIS-ը, հավանաբար, ունի որոշ էթիկական ֆիլտրեր։ Բայց… դա ստիպում է մտածել», – մեկնաբանել է նա շվեդական Expressen հրատարակությանը։
Հարկ է նշել, որ նախորդ տարվա մայիսին FIS-ը հնգամյա պայմանագիր է կնքել Ադրբեջանի պետական տուրիզմի գործակալության հետ։
