Զելենսկին հրապարակել է ԱՄՆ-ում բանակցությունների ժամանակ քննարկվող խաղաղության ծրագրի 20 կետերը

Ուկրաինայի նախագահ Զելենսկին հրապարակել է ԱՄՆ-ում բանակցությունների ժամանակ քննարկվող խաղաղության ծրագրի 20 կետերը: Նրա տեղեկությունների համաձայն՝ դեռևս փոխզիջում չկա մի քանի կետերի, այդ թվում՝ տարածքային հարցի շուրջ։

Զելենսկու հրապարակած կարգավորման պլանի 20 կետերը՝ ստորև.

1. Ուկրաինայի ինքնիշխանության հաստատում։

2. Ռուսաստանի և Ուկրաինայի միջև չհարձակման մասին համաձայնագիր, շփման գծի մոնիթորինգ։

3. Անվտանգության երաշխիքներ։

4. Խաղաղ ժամանակ Ուկրաինայի զինված ուժերի թիվը՝ 800.000 մարդ։

5. ԱՄՆ-ը, ՆԱՏՕ-ն և Եվրոպան Ուկրաինային կտրամադրեն անվտանգության երաշխիքներ՝ 5-րդ հոդվածի օրինակով: Ռուսաստանի կողմից Ուկրաինա ներխուժման դեպքում կտրվի ռազմական պատասխան, և կլինի պատժամիջոցների վերականգնում։

6. Ռուսաստանը կամրագրի իր չհարձակման քաղաքականությունը Եվրոպայի և Ուկրաինայի նկատմամբ բոլոր անհրաժեշտ օրենսդրություններում։

7. Ուկրաինան կդառնա ԵՄ անդամ որոշակի ժամկետում (մենք ցանկանում ենք ամրագրել անդամակցության ամսաթիվը)։

8. Գլոբալ զարգացման փաթեթ, որը կսահմանվի առանձին ներդրումային համաձայնագրով։

9. Վերականգնման հարցերը լուծելու համար կստեղծվեն մի քանի ֆոնդեր: Նպատակն է ներգրավել 800 միլիարդ դոլար:

10. Ուկրաինան կարագացնի Միացյալ Նահանգների հետ ազատ առևտրի համաձայնագրի կնքման գործընթացը:

11. Ուկրաինայի միջուկային զենքից զերծ կարգավիճակը:

12. Զապորոժիեի ատոմակայան: Ոչ մի փոխզիջում: Միացյալ Նահանգներն առաջարկում է եռակողմ կառավարում, որտեղ ամերիկացիները կլինեն գլխավոր կառավարիչը: Ուկրաինայի փոխզիջումային առաջարկը՝ Միացյալ Նահանգները և Ուկրաինան ԱԷԿ-ը կշահագործեն 50/50 համամասնությամբ:

13. Կրթական ծրագրեր դպրոցներում, որոնք կխթանեն տարբեր մշակույթների փոխըմբռնումն ու հանդուրժողականությունը, կվերացնեն ռասիզմը և կողմնակալությունը:

14. Տարածքներ: Ամենադժվար կետը: Տարբերակներից մեկն այն է, որ Ռուսաստանը դուրս գա Դնեպրոպետրովսկի, Նիկոլաևի, Սումիի և Խարկովի մարզերից: Դոնեցկի, Լուգանսկի, Զապորոժիեի և Խերսոնի մարզերում «կանգնում ենք այնտեղ, որտեղ կանգնած ենք»:

Ռուսաստանը ցանկանում է, որ Ուկրաինան դուրս գա Դոնեցկի մարզից, մինչդեռ Միացյալ Նահանգներն առաջարկում է փոխզիջում՝ ազատ տնտեսական գոտի: Եթե «կանգնում ենք այնտեղ, որտեղ կանգնած ենք» բանաձևի շուրջ համաձայնություն չլինի, ազատ տնտեսական գոտին կարող է ընդունվել միայն հանրաքվեի միջոցով, որից հետո ամբողջ փաստաթուղթը պետք է դրվի հանրաքվեի։

15. Ռուսաստանը և Ուկրաինան պարտավորվում են չփոփոխել պայմանավորվածություններն ուժով։

16. Ռուսաստանը չի խոչընդոտի Ուկրաինայի կողմից Դնեպր գետի և Սև ծովի առևտրային գործունեության համար օգտագործմանը։ Քինբուրնի ծոցը կապազատվի։

17. «Բոլորը բոլորի դիմաց» գերիների փոխանակում, ներառյալ՝ քաղաքացիական անձանց, երեխաների և քաղբանտարկյալների վերադարձը։

18. Ուկրաինան պետք է ընտրություններ անցկացնի համաձայնագրի ստորագրումից հետո հնարավորինս շուտ։

19. Այս համաձայնագիրը կլինի իրավաբանորեն պարտադիր։ Դրա իրականացումը կհսկվի Թրամփի գլխավորած Խաղաղության խորհրդի կողմից։

20. Երբ բոլոր կողմերը համաձայնվեն այս համաձայնագրի հետ, անմիջապես ուժի մեջ կմտնի լիարժեք հրադադարը։

Հրապարակման պատրաստեց 168.am-ը

Տեսանյութեր

Լրահոս