Արտառոց դեպք․ հանրությանը հայտնի ու ճանաչված պաշտոնյայի բանկային քարտից հափշտակվել է 4 մլն դրամ․ պարզվել է, որ հափշտակողը նրա կինն է. Shamshyan.com

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով` դեկտեմբեր 20-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում. ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Քանաքեռ-Զեյթունի բաժին է դիմել 41-ամյա մի տղամարդ, ով Հայաստանում հայտնի ու ճանաչված պաշտոնյաներից մեկն է, և հայտնել է, որ նոյեմբերի 1-ից 2-ը ընկած ժամանակահատվածում իր անվամբ եղած բանկային քարտից Երևանում գործող բանկոմատներից մեկից մաս-մաս կանխիկացվել է խոշոր չափի գումար։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողները հսկայածավալ աշխատանքների արդյունքում պարզել են, որ գումարը գողացել է նշված պաշտոնյայի 40-ամյա կինը, ու նրան հրավիրել են ոստիկանություն, որտեղ էլ տարված բացատրական աշխատանքների արդյունքում կինը խոստովանել է արարքը։

Դեպքի փաստով ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթունի քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով «անձնական ունեցվածքի գողություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ պաշտոնյայի կինը իր ամուսնու բանկային քարտից գողացել է 4 մլն դրամ։ Նախաքննության շահերից ելնելով այս պահին դեպքի որոշ մանրամասներ չենք հայտնում։

Տեսանյութեր

Լրահոս