Այս ամենի պարագայում Հայաստանում լսել «հեքիաթներ» այն մասին, թե Թրամպը Հայաստանից դուրս է հանում Պուտինին, լուրջ չէ. Հակոբ Բադալյան

Քաղաքական վերլուծբան Հակոբ Բադալյանը Թելեգրամի իր ալիքում գրում է. «Քանիցս եմ հիշեցրել ձեզ օգոստոսի 8-ից երկու օր առաջ Մոսկվայում տեղի ունեցած բանակցությունը՝ ՌԴ նախագահ Պուտինի հետ ԱՄՆ նախագահ Թրամպի հատուկ բանագնաց Ուիտկոֆֆի հանդիպումը: 3,5 ժամ նրանք բանակցել են Մոսկվայում՝ օգոստոսի 8-ից երկու օր առաջ: Հետո նրանք հայտարարել են, որ պայմանավորվել են Թրամպ-Պուտին հանդիպման մասին:

Եթե հայտարարվում է, որ պայմանավորվել են հանդիպման մասին, դա նշանակում է, որ առնվազն այդ փուլի համար ձեռք են բերվել էական համաձայնություններ: Օգոստոսի 8-ից մեկ շաբաթ անց Ալյասկայում կայացել է հանդիպում, որի ընթացքում Պուտինն ու Թրամպը դրսեւորել են փոխադարձ վստահության ցուցադրական ակտ՝ նրանք Թրամպի ծառայական մեքենայով են համատեղ մեկնել օդանավակայանից բանակցության վայր:

Դրանք բացառիկ դրվագներ են այդ պետությունների ղեկավարների մակարդակում: Ալյասկայում հայտարարել են, որ միայն ուկրաինական թեմա չէ, որ քննարկել են, այլ միջազգային հարցերի լայն շրջանակը:

Այս ամենի պարագայում Հայաստանում լրջորեն լսել «հեքիաթներ» այն մասին, թե Թրամպը Հայաստանից դուրս է հանում Պուտինին, կներեք, բայց լուրջ չէ:

Սա բոլորովին չի նշանակում, որ Թրամպն ու Պուտինը եղբայրներ են: Ոչ, նրանք աշխարհաքաղաքական մրցակիցներ են, ու դրա համար էլ պայմանավորվում են, որովհետեւ հակառակը կարող է բերել ինքնաոչնչացման մեխանիզմի գործարկման, երբ մրցակցությունը դուրս կգա կառավարելիության սահմաներից:

Եվ վերջում, վերստին հիշեցնեմ այն, ինչ ներկայացրի այս ալիքում հենց առաջին ժամերին, երբ Թրամպի ադմինիստրացիան ներկայացրեց ազգային անվտանգության թարմացված ռազմավարությունը. ոչ մի խոսք Կովկասի մասին, իսկ Ռուսաստանի եւ Չինաստանի մասին՝ ոչ մի խոսք, թե նրանք ԱՄՆ թշնամի են կամ սպառնալիք»:

Տեսանյութեր

Լրահոս