Կողոպուտ՝ Սան Պաուլուի գրադարաններից մեկում․ գողացել են Մատիսի 8 աշխատանք
Զինված երկու անձ Սան Պաուլուի Biblioteca Mário de Andrade գրադարանից գողացել է ֆրանսիացի հայտնի նկարիչ Մատիսի 8 փորագրություն և բրազիլացի նկարիչ Կանդիդո Պորտինարիի առնվազն 5 փորագրություն․ գրում է BBC-ն։
Բրազիլացի պաշտոնյաները հայտնում են, որ գողերը զենքով սպառնացել են գրադարանում գտնվող անվտանգության աշխատակցին և տարեց զույգին։ Վերցնելով արվեստի գործերը՝ գողերը մեքենա չեն նստել․ նրանք հեռացել են ոտքով։
Հաղորդվում է, որ նրանք կիրակի՝ ժամը 10:00-ին, գլխավոր մուտքով մտել են գրադարան և դուրս եկել նույն ուղղությամբ՝ շարժվելով դեպի մոտակա մետրոյի կայարանը:
Գողությունը տեղի է ունեցել արվեստի աշխարհը ցնցած Լուվրի կողոպուտից շաբաթներ անց։
Biblioteca Mário de Andrade գրադարանը Բրազիլիայի երկրորդ ամենամեծ գրադարանն է։ Պաշտոնյաների խոսքով՝ գրադարանի շենքում տեղադրված են եղել դեմքի ճանաչման (facial recognition) տեխնոլոգիայով տեսախցիկներ։
Մատիսը համարվում է 20-րդ դարի ամենաազդեցիկ նկարիչներից մեկը. արվեստի քննադատները նշում են, որ գողացված աշխատանքների արժեքն «անհաշվելի» է։
Բրազիլացի նկարիչ Պորտինարին ամենահայտնի բրազիլացի մոդեռնիստ նկարիչներից է։
