Եվրամիությունը հայտարարել է, որ անընդունելի է համարում իր ներքին գործերում ԱՄՆ-ի միջամտությունը

Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան քննադատել է «քաղաքական միջամտության» ցանկացած փորձ՝ ի պատասխան անցյալ շաբաթ հրապարակված ԱՄՆ կառավարության հակասական փաստաթղթի, որը կոչ է անում Եվրոպային փոխել իր ուղղությանը կամ բախվել «քաղաքակրթական ջնջման» սպառնալիքին, հաղորդում է Euronews-ը։

Կոշտան հայտարարել է, որ Վաշինգտոնն իրավունք չունի եվրոպացի քաղաքացիների փոխարեն որոշել, թե որ քաղաքականությունն է ճիշտ, կամ ում օգտին նրանք քվեարկեն։

Նրա մեկնաբանությունը հնչել է այն բանից հետո, երբ ԱՄՆ-ն թարմացրել է իր Ազգային անվտանգության ռազմավարությունը՝ կոչ անելով Եվրոպային փոխել ուղղությունը և գովաբանելով «հայրենասիրական եվրոպական կուսակցություններին», որոնք դիմադրում են Բրյուսելի քաղաքականությանը։

33 էջանոց փաստաթղթում պնդվում է, որ վատ տնտեսական քաղաքականության, անօրինական միգրացիայի և գերկարգավորման համադրությունը կարող է հանգեցնել Եվրոպայի՝ որպես քաղաքակրթության, կործանմանը։

ԱՄՆ-ն հայտարարել է, որ իր նպատակն է «օգնել Եվրոպային՝ փոխել իր ներկայիս ընթացքը»։

Ի պատասխան դրան՝ Անտոնիու Կոշտան ընդգծել է, որ «դաշնակիցները չպետք է միջամտեն այլ դաշնակիցների քաղաքական կյանքին կամ ներքին ժողովրդավարական ընտրությանը» և պաշտպանել է Եվրոպայի՝ իր սեփական ճանապարհը ընտրելու ինքնավարությունը։

«Միացյալ Նահանգները չի կարող փոխարինել Եվրոպային՝ ասելով, թե որն է մեր տեսլականը և ինչ է խոսքի ազատությունը», – ասել է Եվրոպական խորհրդի նախագահը։

Անտոնիո Կոշտան նշել է, որ Միացյալ Նահանգները մնում է դաշնակից և գործընկեր, սակայն Եվրոպան պետք է դառնա ավելի ուժեղ և ինքնիշխան։ «Եթե ուզում ես ուժեղ լինել միջազգային ասպարեզում, պետք է ուժեղ լինես նաև տանը», – հավելել է նա։

Տեսանյութեր

Լրահոս