ՉԺՀ ԱԳՆ-ն Չինաստանի, ՌԴ-ի և Հնդկաստանի հարաբերությունները համարել է առանցքային՝ գլոբալ խաղաղության համար
Չինաստանի, Ռուսաստանի և Հնդկաստանի միջև լավ հարաբերությունների պահպանումը համապատասխանում է երեք պետությունների շահերին և գլոբալ անվտանգության գրավականն է։ Ինչպես հաղորդում են ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին հայտարարել է ՉԺՀ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկյացուցիչ Գո Ցզյակունը՝ մեկնաբանելով Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ վերջերս Հնդկաստան կատարած այցի արդյունքները։
«Չինաստանը, Ռուսաստանը և Հնդկաստանը խոշոր զարգացող տնտեսություններ են և գոբալ Հարավի կարևոր մասնակիցներ։ Լավ հարաբերությունների պահպանումը ոչ միայն համապատասխանում է երեք երկրների սեփական շահերին, այլև նպաստում է խաղաղությանը, կայունությանը և բարգավաճմանն ինչպես տարածաշրջանում, այնպես էլ ամբողջ աշխարհում», – նշել է դիվանագետը։
Պատասխանելով չին-հնդկական հարաբերությունների հեռանկարների մասին հարցին՝ արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչն ընդգծել է երկխոսության կարգավորման՝ Պեկինի պատրաստակամությունը։
«Չինաստանը պատրաստ է աշխատելու հնդկական կողմի հետ՝ հետևելով հարաբերությունների ռազմավարական և երկարաժամկետ տեսակետին՝ դրանց կայուն, առողջ զարգացմանը նպաստելու համար», – եզրափակել է Գո Ցզյակունը:
