Ըստ Բաքվի՝ Երևանը պատճառ չունի մերժելու «3+3»-ի հանդիպումն Ադրբեջանում անցկացնելու առաջարկը
Բաքուն վերահաստատել է «3+3» ձևաչափով հերթական հանդիպումը հյուրընկալելու պատրաստակամությունը, ընդգծելով, որ Հայաստանն այն մերժելու որևէ պատճառ չունի։ Այս մասին հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:
«Մենք կարծում ենք, որ հայկական կողմը որևէ պատճառ չունի չընդունելու 2024 թվականին հնչեցված առաջարկը, այն մնում է ուժի մեջ»,- այսօր հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը իրանցի գործընկեր Աբբաս Արաղչիի հետ համատեղ ասուլիսում:
«Երբ ստեղծվեց «3+3» ձևաչափը, նշվեց, որ այս նախաձեռնությունն առաջարկել է Ադրբեջանի նախագահը, և այս ձևաչափի շրջանակներում տեղի է ունեցել երեք հանդիպում: 2024 -ի հոկտեմբերին կայացած հանդիպման ժամանակ առաջարկվեց, որ հաջորդ հանդիպումն անցկացվի Ադրբեջանի նախագահության ներքո՝ Հայաստանի հետագա համաձայնությամբ: Ցավոք, նման համաձայնություն չի ստացվել , – ասել է Բայրամովը, միաժամանակ հավելելով, – Այժմ իրավիճակն այլ է՝ այդ հանդիպումների կազմակերպումը քննարկվում է այլ ուղիներով»:
Թե որ խողովակներով է հարցը քննարկվում, և ինչ փուլի են հասել կողմերը՝ Ադրբեջանի արտգործնախարարը չի հստակեցրել։
Այդ ձևաչափի շրջանակներում տեղի է ունեցել երեք հանդիպում՝ Ռուսաստանում, Իրանում և վերջինը՝ 2024 թվականին Թուրքիայում։
«3+3»-ը ղարաբաղյան 44-օրյա պատերազմից հետո Թուրքիայի նախաձեռնած և Ռուսաստանի աջակցությունը ստացած տարածաշրջանային համագործակցության ձևաչափ է։ Այն ենթադրում է հարավկովկասյան երեք երկրների՝ Վրաստանի, Հայաստանի և Ադրբեջանի, ինչպես նաև տարածաշրջանի երեք տերությունների՝ Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի մասնակցությունը։ Վրաստանը հայտարարել է, որ հարթակին չի միանում Ռուսաստանի հետ հակասությունների պատճառով։
