«Ուրախ ենք, որ Ադրբեջանի ու Հայաստանի հարաբերությունները լավ ընթացք ունեն». Արաղչի

Ուրախ ենք, որ Ադրբեջանի ու Հայաստանի հարաբերությունները լավ ընթացք ունեն: Ողջունում և աջակցում ենք երկու երկրների միջև խաղաղության գործընթացին, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ համատեղ մամուլի ասուլիսում։

«Աջակցում ենք 3+3-ի հաջորդ հանդիպումը Բաքվում, իսկ այնուհետև Երևանում անցկացնելու Ադրբեջանի առաջարկին: Սա լավ նախաձեռնություն է, որը կարող է 3+3 մեխանիզմն ավելի ազդեցիկ և ուժեղ դարձնել:

Այս մեխանիզմը կարող է նպաստել տարածաշրջանում ավելի մեծ խաղաղության և կայունության հաստատմանը: Մենք երկուսս էլ մեծ կարևորություն ենք տալիս այդ ձևաչափին։

Համաձայնեցինք, որ երկկողմ հանդիպումներից բացի, ունենանք նաև եռակողմ հանդիպումներ տարածաշրջանի երկրների հետ։

Կարևորն այն է, որ տարածաշրջանի անվտանգությունը պետք է ապահովեն հենց տարածաշրջանի երկրները, իսկ արտաքին ցանկացած միջամտություն կքանդի այդ անվտանգությունը: Սա մի կետ է, որի շուրջ մենք ունենք համաձայնություն և որի հիման վրա էլ շարունակում ենք համագործակցությունը:

Սպասում ենք՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին և արտգործնախարար Ջեյհուն Բայրամովին Թեհրանում հյուրընկալելուն: Այս այցի ընթացքում ամենակարևոր պայմանավորվածությունն այն էր, որ ընդլայնենք երկու երկրների միջև խորհրդակցությունները, դիվանագիտական փոխայցերը, որպեսզի հարաբերությունները հասցնենք առանց խնդրի մակարդակի և կենտրոնանանք հարաբերությունների ընդլայնման վրա:

Մենք ունենք ընդհանրություններ և փոխադարձ շահեր, բնական է, որ ունենք նաև տարաձայնություններ ու թյուրըմբռնումներ, որոնք պետք է լուծվեն երկխոսությամբ: Մենք Իրանում համոզված ենք, որ պետք է ընդլայնենք բոլոր ոլորտներում Ադրբեջանի հետ համագործակցությունը: Ուրախ եմ, որ այսօր այդ նույն կամքը տեսա Ադրբեջանի նախագահի, ԱԳ նախարարի մոտ:

Չպետք է թույլ տանք, որ որևէ այլ կողմ վնաս հասցնի այդ հարաբերություններին կամ ոչ բարենպաստ ուղով տանի:

Մենք վճռական ենք ինչպես հյուսիս-հարավ, այնպես էլ արևելք-արևմուտք ուղղություններով և ընդհանրապես երկու երկրները կապող կետերի ավելացման միջոցով ընդլայնել Իրանի և Ադրբեջանի հաղորդակցական ուղիները: Որքան շատ լինեն փոխկապակցվածությունը և երկու երկրների քաղաքացիների տեղաշարժերը, այնքան,ըստ դրա, կաճի նաև առևտուրը»:

Տեսանյութեր

Լրահոս