Նորմա՞լ է, որ Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյանը լքել է իր ծառայության վայրն ու Հայաստանում սկսել է պատարագների մասնակցել. Մայր Աթոռը չի մեկնաբանում

Նիկոլ Փաշինյանը երեկ կրկին պատարագի էր մասնակցում իր թիմակիցների հետ՝ այս անգամ Գյումրիի «Յոթ Վերք» եկեղեցում։

Այդ պատարագին նա իր հետ «շրջիկ քահանա» էր տարել ու եկեղեցու դեմ արշավին միացած Սրբազաններից չորսին՝ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանին, Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյանին, Գևորգ եպիսկոպոս Սարոյանին ու Սիոն արքեպիսկոպոս Ադամյանին։

Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյանը Բալթյան երկրների հայոց թեմի առաջնորդն է ու տևական ժամանակ է՝ թողել է իր թեմը և եկել Հայաստան։

Aysor.am-ը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից փորձեց մեկնաբանություն ստանալ՝ արդյոք նորմա՞լ է, որ նա լքել է իր հոգևոր ծառայության վայրն ու Հայաստանում սկսել է պատարագների մասնակցել։

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Եսայի քահանա Արթենյանը, սակայն, որևէ մեկնաբանություն չտվեց այս մասով։

Ի դեպ, երեկ Վազգեն Սրբազանը հայտարարել էր, թե Շիրակի թեմի հոգևոր տեսուչ Գերաշնորհ Տեր Նարեկ եպիսկոպոս Ավագյանի հրավերով է Գյումրիում։

Նարեկ Սրբազանից փորձեցինք մեկնաբանություն ստանալ՝ իսկապե՞ս ինքն է Միրզախանյանին հրավիրել Գյումրի, Սրբազանը, սակայն, հրաժարվեց մեկնաբանություն տալ, անգամ հարցը չլսեց։

«Ինչ ասելու էր՝ ասել ենք»,- արձագանքեց նա ու անջատեց հեռախոսը։

Վազգեն Սրբազանը այն հոգևորականն է, որ Տալլին այցի ժամանակ ընդունել էր Նիկոլ Փաշինյանին ու ասել. «Մեր աղոթքն է, պարո՛ն վարչապետ, որ Ձեր ծրագրերը լինեն հաջողությամբ. բարի եկաք»։

Տեսանյութեր

Լրահոս