«Կոչ ենք անում միջազգային հանրությանը անհապաղ և վճռական գնահատական տալ այս վտանգավոր իրավիճակին». Միջազգային փաստաբան Ռոբերտ Ամստերդամը նոր զեկույց է հրապարակել

Միջազգային փաստաբան, Սամվել Կարապետյանի փաստաբանական խմբի անդամ Ռոբերտ Ամստերդամն իր թիմով զեկույց է պատրաստել՝ «Հայաստանի ավտորիտար շրջադարձը. Նիկոլ Փաշինյանը և Սամվել Կարապետյանի ու Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու նկատմամբ հետապնդումները» թեմայով։

«Մեր թիմը պատրաստել է համապարփակ, ծանրակշիռ զեկույց, որը փաստագրում է Հայաստանում տեղի ունեցող մտահոգիչ զարգացումները։ Մեր նպատակը պարզ է՝ մերկացնել իշխանությունների ակնհայտ շեղումները օրենքի գերակայությունից և քաղաքական չեզոքությունից, որոնք լրջորեն վնասում են երկրի ժողովրդավարական հիմքերը։

Զեկույցը մանրամասնորեն ցույց է տալիս, որ Սամվել Կարապետյանի նկատմամբ հարուցված իրավական գործը կեղծ է և հստակ օրինակ, թե ինչպես են քաղաքական դրդապատճառներով կոպտորեն անտեսվում իրավական նորմերն ու մարդու հիմնարար իրավունքները՝ ընդդիմախոսներին լռեցնելու համար։

Սա ուղղակի հարձակում է բոլոր նրանց վրա, ովքեր համարձակվում են կանգնել Եկեղեցու կողքին։

Մեր զեկույցը հասցեագրված է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդին, Եվրոպայի Խորհրդին, ԵՄ մարմիններին և բոլոր այն միջազգային կազմակերպություններին, որոնք պաշտպանում են արդարադատությունը։

Մենք կոչ ենք անում միջազգային հանրությանը անհապաղ և վճռական գնահատական տալ այս վտանգավոր իրավիճակին և պահանջել Հայաստանում արդարադատության սկզբունքի անհապաղ վերականգնում։

Կարդացեք ամբողջական զեկույցը, ուսումնասիրեք փաստերը և ԴՈՒՔ էլ դարձեք այն տարածողներից մեկը»,- գրել է նա։

Տեսանյութեր

Լրահոս