«Սպարտակ»-ի մարզադաշտում բացվել է Նիկիտա Սիմոնյանի հուշատախտակը
Մոսկվայի «Սպարտակ» ֆուտբոլային ակումբի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու Նիկիտա Սիմոնյանի հուշատախտակն է բացվել «Լուկօյլ Արենա»-ում։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
Հուշատախտակի բացման արարողությանը ներկա են եղել Սիմոնյանի աղջիկը՝ Վիկտորյա Սիմոնյանը, «Սպարտակ»-ի նախկին գլխավոր մարզիչ Օլեգ Ռոմանցևը, նախկին ֆուտբոլիստ, Ռուսաստանի վետերան ֆուտբոլիստների միության նախագահ Ալեքսանդր Միրզոյանը։
Նիկիտա Սիմոնյանի աղջիկը «Սպարտակ»-ի թանգարանին է փոխանցել իր հոր՝ Ռուսաստանի աշխատանքի հերոսի պարգևը, որը նրան շնորհվել էր 2025 թվականի հոկտեմբերի 10-ին։
Հուշատախտակը բացվել է A տրիբունայում, որը կրում է Սիմոնյանի անունը։
ԽՍՀՄ հավաքականի կազմում օլիմպիական չեմպիոն, հայկական ֆուտբոլի լեգենդ Նիկիտա Սիմոնյանը կյանքից հեռացել է նոյեմբերի 23-ին՝ 99 տարեկանում։ Հրաժեշտի արարողությունը տեղի է ունեցել նոյեմբերի 27-ին, «Լուկօյլ Արենա»-ում։
Նիկիտա Սիմոնյանը Խորհրդային Միության քառակի չեմպիոն է, Մոսկվայի «Սպարտակ»-ի կազմում երկու անգամ դարձել է ԽՍՀՄ գավաթակիր, Մոսկվայի «Սպարտակ»-ի պատմության լավագույն ռմբարկուն է՝ խփած 160 գոլով։ Նիկիտա Սիմոնյանը Խորհրդային Միության հավաքականի հետ դարձել է 1956 թվականի Մելբուռնի Օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր։
Որպես մարզիչ՝ Նիկիտա Սիմոնյանը երեք անգամ դարձել է ԽՍՀՄ չեմպիոն, երեք անգամ էլ հաղթել է ԽՍՀՄ գավաթը։
1992 թվականից Նիկիտա Սիմոնյանը զբաղեցնում էր Ռուսաստանի ֆուտբոլային միության փոխնախագահի պաշտոնը։
1973 թվականին Նիկիտա Սիմոնյանը՝ որպես Երևանի «Արարատ»-ի գլխավոր մարզիչ, հաղթել է ԽՍՀՄ առաջնությունն ու գավաթը։
