«3+3» ձևաչափը պետք է հավասարակշռի Անկարայի և Բաքվի ազդեցությունը․ իրանցի փորձագետ

Իրանի համար «3+3» ձևաչափը Հարավային Կովկասում ուժերի հավասարակշռությունը պահպանելու և Անկարայի ու Բաքվի համատեղ ազդեցությունը չեզոքացնելու միջոց է։ Երևանում անցկացված «3+3 ձևաչափ. տարածաշրջանային համագործակցության հեռանկարներ և հնարավոր տարբերակներ» փորձագիտական ​​համաժողովի ժամանակ այս մասին հայտարարեց Իրան-Եվրասիական հետազոտությունների ինստիտուտի փոխտնօրեն Արմինա Արմը։

Փորձագետը նշեց, որ նման հավասարակշռությանը կօգնի Ռուսաստանի և Իրանի ներկայությունը, և հավելեց, որ այս տարվա հունիսին Իսրայելի հետ 12-օրյա պատերազմից հետո Իրանը վերանայել է արտաքին անվտանգության հետ կապված իր մոտեցումները: Թեհրանը կարծում է, որ տարածաշրջանի երկրների հետ Իսրայելի ռազմատեխնիկական ներկայությունն ու համագործակցությունն ուղղված են Իրանի շուրջ օղակ ստեղծելուն:

«ՆԱՏՕ-ի ազդեցության ընդլայնում, Իսրայելի և Ադրբեջանի միջև կապերի խորացում և տարածաշրջանային հարցերում Թուրքիայի դիրքորոշման փոփոխություններ. այս ամենը Իրանը համարում է իր անվտանգության համար մարտահրավերներ և իր հյուսիսային սահմանի ապակայունացման սպառնալիքներ», – ասաց փորձագետը։

Փորձագետն ասաց, որ Իրանը նմանատիպ մտավախություններ ունի Հայաստանի տարածքով՝ Սյունիքի մարզով անցնող «Թրամփի ուղու» հետ կապված։ Տեսականորեն ցանկացած տարանցիկ երթուղի նոր հնարավորություններ է ստեղծում միջազգային առևտրի համար, սակայն փորձը ցույց է տվել, որ ԱՄՆ քաղաքական հովանու ներքո ցանկացած տրանսպորտային միջանցք վաղ թե ուշ դարձել է աշխարհաքաղաքական հավակնությունների օբյեկտ, այլ ոչ թե տարածաշրջանի երկրների տնտեսական զարգացման միջոց։ Դա արտացոլվում է Իրանի ազգային անվտանգության նոր քաղաքականության մեջ. Թեհրանում այդ երթուղին տեսնում են երկրի շրջապատման և Չինաստանի ու Ռուսաստանի հետ Իրանի հաղորդակցության վրա ազդեցության ռազմավարության մաս:

«Հայաստանի Սյունիքի մարզի նկատմամբ Իրանի զգայունությունը բխում է ոչ այնքան տարանցման, որքան աշխարհաքաղաքականության հարցերից։ Հայաստանի սահմանների ցանկացած փոփոխություն նշանակում է տարածաշրջանում ուժերի բաշխման փոփոխություն։ Ուստի 3+3 ձևաչափով երկխոսության հիմքում պետք է ընկած լինի տարածքային ամբողջականության սկզբունքը, իսկ տարանցիկ համաձայնագրերը չպետք է դառնան քաղաքական գործիք։ Դրա համար էլ Իրանը դեմ է Վաշինգտոնից և Բրյուսելից թելադրված խաղաղ մոդելներին», – հավելել է նա։

Համաժողովը կազմակերպել է Երևանում Գիտության և մշակույթի ռուսական կենտրոնը՝ Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան աջակցությամբ:

Հիշեցնենք, որ Ռուսաստանն ակտիվորեն աջակցել է «3+3» ձևաչափի ստեղծմանը, որը ներառում է Հայաստանը, Ադրբեջանը և Վրաստանը, ինչպես նաև Ռուսաստանը, Իրանը և Թուրքիան։ Վրաստանը դեռ չի մասնակցում դրա աշխատանքներին, սակայն մյուս մասնակիցները բազմիցս ընդգծել են, որ Թբիլիսիի համար դուռը բաց է մնում։

Նախորդ երեք հանդիպումները տեղի են ունեցել հաջորդաբար Մոսկվայում, Թեհրանում և Ստամբուլում:

Տեսանյութեր

Լրահոս