Հայաստանի դեսպանն ընտրվել է ՄԱԿ Թմրամիջոցների հարցերով հանձնաժողովի նախագահի պաշտոնում

ՄԱԿ Թմրամիջոցների հարցերով հանձնաժողովի 68-րդ վերագումարված նստաշրջանի ընթացքում Վիեննայի միջազգային կազմակերպություններում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանն ընտրվել է ՄԱԿ Թմրամիջոցների հարցերով հանձնաժողովի 69-րդ նստաշրջանի նախագահի պաշտոնում։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Ավստրիայում ՀՀ դեսպանությունը։

Առաջիկա մեկ տարվա ընթացքում Հայաստանը նախագահելու է հեղինակավոր հանձնաժողովը, որը ՄԱԿ համակարգում թմրամիջոցների հարցերով քաղաքականության մշակման և գլոբալ վերահսկողության գլխավոր մարմինն է: Այն նաև ՄԱԿ թմրամիջոցների և հանցավորության հարցերով գրասենյակի կառավարման մարմիններից է։

Նախագահության ստանձնման կապակցությամբ ունեցած ելույթում դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանը երախտագիտություն է հայտնել անդամ պետությունների կողմից Հայաստանին տրված վստահության համար և վերահաստատել է ՀՀ հանձնառությունը ղեկավարելու Հանձնաժողովի աշխատանքը գործընկերության և համերաշխության սկզբունքներով՝ փոխադարձ հարգանքի և երկխոսության մթնոլորտում:

Դեսպան Հովհաննիսյանը հույս է հայտնել, որ ՀՀ նախագահության ընթացքում Հանձնաժողովը կշարունակի ամրապնդել միջազգային համագործակցությունը թմրամիջոցների դեմ պայքարի միջազգային կոնվենցիաների շրջանակներում պարտավորությունների կատարման ուղղությամբ, ինչպես նաև կխթանի թմրամիջոցների համաշխարհային խնդրի լուծմանն ուղղված համապարփակ և ինտեգրված մոտեցումների զարգացումը։

Տեսանյութեր

Լրահոս