ԱՄՆ-ն առաջընթաց է արձանագրել Ուկրաինայի պաշտոնյաների հետ հանդիպմանը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆը Մայամիում վերջին երկու օրվա ընթացքում արդյունավետ բանակցություններ է վարել Ուկրաինայի ներկայացուցիչ Ռուստեմ Ումերովի հետ, ուրբաթ օրը հայտնել են ԱՄՆ պաշտոնյաները: Բանակցությունները կշարունակվեն այսօր:
Հանդիպմանը մասնակցել են նաև նախագահ Թրամփի փեսան՝ Ջարեդ Քուշները, և Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ Անդրեյ Գնատովը:
Ումերովն ընդգծել է, որ Ուկրաինայի առաջնահերթությունը կարգավորման հասնելն է, որը կպաշտպանի նրա անկախությունն ու ինքնիշխանությունը, կապահովի ուկրաինացիների անվտանգությունը և կայուն հիմք կապահովի բարգավաճ ժողովրդավարական ապագայի համար, ասված Է Պետդեպարտամենտի ու Ումերովի համատեղ հայտարարության մեջ:
Մասնակիցները քննարկել են այս շաբաթ Մոսկվայում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Ուիթքոֆի և Քուշների հանդիպման արդյունքները, ինչպես նաև այն քայլերը, որոնք կօգնեն վերջ դնել պատերազմին, ասվում է հաղորդագրության մեջ:
Սպիտակ տան խոսնակն ավելի վաղ ասել էր, որ Մայամիում անցկացվող հանդիպումները արդյունավետ են եղել՝ հավելելով, որ «առաջընթաց է գրանցվել»:
