Հայոց հոգևոր ամրոցի բանալիները Փաշինյանին հանձնող է եղել. Փաշինյան-Բենթլի Սամո դուետ ենք տեսնում.

Նիկոլ Փաշինյանի և օֆշորային սկանդալով ու «Բենթլի» շքեղ մեքենա ունենալով հայտնի ՀԱԵ Արարատյան թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի կազմած «Նիկոլ Փաշինյան-Բենթլի Սամո դուետը» պետություն և սահմանադրություն չունենալու մասին են։ Այս մասին 168 TV«Ռեվյու» հաղորդաշարի եթերում նշեց քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը՝ խոսելով նոյեմբերի 27-ին եպիսկոպոսաց հայտնի հայտարարությունը ստորագրած և այնուհետև Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման գնացած արքեպիսկոպոսների ու եպիսկոպոսների բարձրացրած խռովության մասին։

«Ցինիզմը հասել է այնտեղ, որ Նիկոլ Փաշինյան-Բենթլի Սամո դուետ ենք տեսնում։ Քաղաքական և հոգևոր հակահերոսների դաշինք է սա։ Նիկոլ Փաշինյանն այն մասին է, թե ինչպիսին չպետք է լինի քաղաքական և պետական դասը։ Նավասարդ Կճոյանը, որը հասարակության լայն շերտերին հայտնի է «Բենթլի Սամո» անունով, այն մասին է, թե ինչպիսին չպետք է լինի հոգևոր դասը։ Նիկոլ Փաշինյանը քննադատում էր նրան, բայց հիմա պետականության փլատակների վրա դուետ են կազմել։ Նշանակում է՝ մենք չունենք պետություն, չունենք Սահմանադրություն։ Ամեն ինչից վեր Նիկոլ Փաշինյանի կամքն է։ Երեկ ինքը կարող էր մարդուն «Բենթլի Սամո» անվանել, այսօր նրանից հաղորդություն է ընդունում՝ որպես սրբազանի»,- մեկնաբանեց Սուրեն Սուրենյանցը:

«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահն արձանագրում է՝ Նիկոլ Փաշինյանին հաջողվել է իր հակաեկեղեցական ու հակասահմանադրական արշավը մտցնել Հայ Եկեղեցու պատերից ներս և արդեն իսկ դա ներկայացնել՝ որպես ներեկեղեցական գզվռտոց կամ հակադրություն, պատկերավոր ասած՝ ներսից հայոց հոգևոր «ամրոցի» բանալիները Փաշինյանին հանձնող է եղել, բայց նաև ընդգծում է՝ եթե նույնիսկ Եկեղեցու դեմ Փաշինյանի հակասահմանադրական կամպանիան ունի արտաքին շահառուներ, և անշուշտ  ունի, այդուհանդերձ, նրա գլխավոր մոտիվը ներքաղաքական է, հետևաբար՝ պետք է դուրս գալ այն մտայնությունից, թե «խաղը պարտված է, որովհետև Փաշինյանի թիկունքում կան հզոր ուժեր»։

«Նիկոլ Փաշինյանի հնարքները շատ ավելի պարզունակ են, քան մեզ թվում է։ Կրկնում եմ՝ եկեք լրիվ չանտեսենք արտաքին ազդեցությունները կամ գործոնները, բայց նրա ցանկացած գործողության հետևում եկեք արտաքին ականջներ քիչ փնտրենք։ Դա մեզ կօգնի, որ կարողանանք նրա դեմ պայքարի ավելի արդյունավետ միջոցներ գտնել»,- ասում է Սուրեն Սուրենյանցը։

Նաև հավելում է՝ կարող ենք հերձվածող տիրադավան անվանել հայտնի հայտարարությունը ստորագրած 10 եպիսկոպոսին, բայց իրավիճակը ճիշտ գնահատելու համար պետք է ընդունել Փաշինյանի որոշ մարտավարական հաջողությունները։

«Այնուամենայնիվ, եթե 57 եպիսկոպոսից 10-ը խռովություն են բարձրացնում, թեկուզ բոլորս էլ գիտակցում ենք, որ նրանք Նիկոլ Փաշինյանի սատելիտներն են, մարդիկ, ովքեր թակարդում են հայտնվել շանտաժի կամ գայթակղության, մեղքի հետևանքով։ Այս բոլորը մենք հասկանում ենք, փոքր երկիր է, ես էլ սրբազանների մեծամասնությանը ճանաչում եմ։ Հիմա ի՞նչ է փոխվել՝ հարցնում եք։ Փոխվել է հենց դա՝ ամրոցի բանալիները Փաշինյանին հանձնող է եղել, և հիմա այդ հակաեկեղեցական պայքարը փոխակերպվել է մի քիչ այլ բանի, որտեղ Նիկոլ Փաշինյանը գոնե տակտիկական առումով ավելի շահեկան դիրքերում է։ Այլ խոսքերով՝ մենք ունենք մի իրավիճակ, երբ իշխանության անզուսպ պայքարը Եկեղեցու դեմ այլևս ուղեկցվում է ներեկեղեցական առճակատմամբ»,- հավելեց նա։

Այս իրավիճակում, ըստ քաղաքագետի՝ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի տնօրինությամբ հրավիրված եպիսկոպոսաց ժողովը, որը տեղի է ունենալու դեկտեմբերի 10-12-ը, բեկումնային և շրջադարձային ժողով է լինելու։ Սուրեն Սուրենյանցը երեք հնարավոր սցենար է տեսնում.

1) Հակականոնիկ վարքագիծ ունեցող եպիսկոպոսները կարգալույծ են արվում կամ առնվազն հեռացվում են իրենց ծառայություններից, և Եկեղեցին՝ մի քիչ վիրավոր, բայց վերագտնում է իր ինքնավարությունն ու միասնականությունը,

2) Եկեղեցին կարգալույծ է անում վերոնշյալ եպիսկոպոսներին, բայց նրանք չեն հնազանդվում, և բաց առճակատումը էսկալացիայի մի նոր մակարդակ է արձանագրում,

3) Կաթողիկոսը և խռովարարները ներքին փոխզիջումների են գալիս, և եպիսկոպոսաց ժողովը միասնականության մթնոլորտում է անցնում։

Քաղաքագետի մեկնաբանությամբ՝ երկրորդ սցենարն ամենաձեռնտուն է իշխանություններին և, ցավոք սրտի, ամենահավանականը։

«Ցավոք սրտի, եպիսկոպոսաց ժողովը ոչ թե ինչ-որ պրոցեսի ավարտ է ազդարարելու, այլ թրիգեր է լինելու Եկեղեցու շուրջ նոր զարգացումների»,- հավելեց Սուրենյանցը։

Քաղաքագետի խոսքով՝ այս կոնտրաստը քաղաքական ճողվածք է առաջացնում, ինչը հանգեցնելու է պետականության լուրջ ճգնաժամի, ուստի այս պարագայում մեծ է քաղաքական ընդդիմության դերը՝ առաջարկելու այլընտրանքային օրակարգ և շրջադարձային քայլ անելու նոր պետության ստեղծման ուղղությամբ։

Սուրեն Սուրենյանցը վճռորոշ է համարում 2026-ի հունիսի 7-ին Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունները.

«Պետք է ձևավորվի մի իշխանություն, որը մի կողմից՝ օբյեկտիվորեն կճանաչի Քառասունչորսօրյա պատերազմի պարտության փաստը, բայց մյուս կողմից՝ չի համաձայնվի որևէ զիջման, որը կասկածի տակ է դնում մեր հանրապետության քաղաքական և քաղաքակրթական հիմքերը։ Դա առայժմ հնարավոր է, եթե առաջիկա ամիսներին մենք շրջադարձային քայլ անենք նոր պետության ստեղծման ուղղությամբ, այսինքն՝ 2026-ը դարձնենք նվաստացումն ու պարտությունը խորհրդանշող Նիկոլ Փաշինյանի իշխանության վերջակետ։ Հունիսի 7-ը շատ կարևոր օր է. կա՛մ մենք վերջակետ պիտի դնենք նիկոլիզմին, կա՛մ վերջակետ դնենք Երրորդ Հանրապետությանը»։

Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս