Այսքան տարի դուք եք խաղում իմ նյարդերի հետ, ինչո՞ւ ես նույնը չանեմ․ Խաչատուրովը՝ դատարանին
ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստի ժամանակ ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը պահանջեց նոր մեղադրանքի վերաբերյալ փաստաթղթերն ամբողջությամբ թարգմանել իր համար։
Նշենք, որ նիստը դեռ չսկսված 15 րոպեով ընդմիջվեց, քանի որ հանրային մեղադրողը դեռ չէր ներկայացնել, ուշանում էր։ Դատարանը հայտարարեց, որ այսուհետև 15 րոպե և ավելի ուշանալու դեպքում նիստը կհետաձգվի։
Ընդիմիջումից հետո սկսեցին քննարկել արդեն իսկ ներկայացված նոր մեղադրանքը Յուրի Խաչատուրովի համար ռուսերեն թարգմանելու հարցը։
Հակակոռուպցիոն քրեական դատարանի դատավոր Սարգիս Պետրոսյանը նշեց՝ եթե Խաչատուրովն այնուամենայիվ վստահելու է իր փաստաբան Միհրան Պողոսյանին ու, ի վերջո, չի կարդալու փաստաթղթերը, ապա դատարանի թարգմանությունը ձևական կլինի։
«Ձեր խոսքը դատարանի համար ծանր կշիռ ունի։ Եթե անձամբ ցանկանում եք ծանոթանալ գործին, ապա դատարանը ձեր իրավունքը չի սահմանափակի։ Ուղղակի, եթե չեք կարդալու, ապա ձևական կլինի մենք 3 հատոր թարգմանենք, տանք ձեզ, դուք էլ հաջորդ նիստերին հայտարարեք՝ չեք կարդացել, չեք էլ պատրաստվում»,- ըստ ՍպուտնիկԱրմենիայի՝ ասաց Պետրոսյանը։
Խաչատուրովն էլ ի պատասխան ընդգծեց՝ նա պահանջում է, որպեսզի այդ փաստաթղթերն իր համար անպայման թարգմանվեն։
«Մի բան կասեմ՝ այսքան տարի դուք խաղում եք իմ նյարդային համակարգի հետ, ինչո՞ւ ես չպետք է նույնն անեմ։ Թարգմանեք, հետո կխոսենք»,- նշեց Խաչատուրովը։
Պետրոսյանն էլ ընդգծեց՝ թարգմանությունը կատարելուց հետո դատարանը հարցեր է տալու Խաչատուրովին, ու անհարմար իրավիճակ կլինի, եթե ինքը չկարողանա պատասխանել դրանց։
Բարձրաստիճան զինվորականն էլ հակադարձեց՝ ինքը դատավորի ուսանողը չէ, որ իրեն հարցեր տան, ինքն էլ պատասխանի։
Ի վերջո, Խաչատուրովը հստակ ընդգծեց՝ ինքը ցանկանում է, որպեսզի անպայման փաստաթղթերը թարգմանվեն։ Փաստաբան Միհրան Պողոսյանն էլ շեշտեց՝ թարգմանությունից հետո իրենք կներկայանան և կվերցնեն այն։
Հաջորդ դատական նիստը նշանակվեց դեկտեմբերի 17-ին, ժամը 11։00-ին։

