Պուտինը Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի հետ հանդիպում է անցկացնում Կրեմլում
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում ընդունում է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանին։
Ռուսական կողմից բանակցություններին մասնակցում են նախագահի օգնական Յուրի Ուշակովը, փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը և ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
Ի տարբերություն մյուս եվրոպացի ղեկավարների, Հունգարիայի կառավարության ղեկավարն արդեն երկրորդ անգամ է ժամանում Ռուսաստան Ուկրաինայում Ռուսաստանի ռազմական գործողությունների ծավալումից ի վեր։
Հունգարիայի վարչապետը նշել է այս այցի կարևորությունը՝ այս ձմռանն իր երկրի համար էներգետիկ անվտանգության և էլեկտրաէներգիայի մատչելի գների ապահովման անհրաժեշտությունը հաշվի առնելով։Իր հերթին Պուտինը նոյեմբերի 27-ին Բիշքեկում լրագրողների հարցին ի պատասխան ասել էր, որ եթե վարչապետ Օրբանը «հնարավոր է համարում ընդունել մեր հրավերը, մենք միշտ ուրախ կլինենք նրան տեսնել»։
«Մենք գիտենք նրա դիրքորոշումը, այն բավականին օբյեկտիվ է, նա հենց այն մարդկանցից է, որոնք տեսնում են իրողությունները և ելնելով այդ իրողություններից՝ ձևավորում են իրենց քաղաքական դիրքորոշումը», – ասել է Պուտինը։
Նա նաև հիշեցրել է, որ Ռուսաստանը և Հունգարիան երկկողմ հարցեր ունեն քննարկելու։
«Էներգետիկ ոլորտում շատ մեծ է համագործակցությունը, ես արդեն չեմ խոսում «Պակշ» ատոմային էլեկտրակայանի մասին», – ասել է ՌԴ նախագահը։
Ռուսաստանի և Հունգարիայի ղեկավարների վերջին հեռախոսազրույցը տեղի է ունեցել այս տարվա հոկտեմբերի 17-ին, անմիջապես այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց Բուդապեշտում Պուտինի հետ հանդիպելու մտադրության մասին, բայց հոկտեմբերի 24-ին այն հետաձգեց անորոշ ժամկետով։

