Բաժիններ՝

ԱՄՆ-ն և Ուկրաինան խիստ դրական են գնահատել պատերազմի դադարեցման հարցով ժնևյան բանակցությունները

Միացյալ Նահանգների և Ուկրաինայի պաշտոնյաները հայտարարել են, որ առաջընթաց են գրանցել Շվեյցարիայի Ժնև քաղաքում կայացած բարձր մակարդակի բանակցություններում, որտեղ քննարկվել է ռուս-ուկրաինական պատերազմի դադարեցման հարցը։ Այս մասին հայտնում է Euronews-ը։ 

Նոյեմբերի 23-ին տեղի ունեցած հանդիպմանը մասնավորապես քննարկվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ պատերազմի դադարեցմանն ուղղված ծրագիրը, որը մտահոգություններ էր առաջացրել եվրոպական մի շարք երկրներում, քանի որ համարել էին, որ այն ավելի ձեռնտու է ռուսական կողմին։

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն, որը գլխավորում էր ամերիկյան պատվիրակությունը Ժնևում, նշել է, որ բանակցությունները «շատ արժեքավոր» էին և ամենաարդյունավետը «շատ երկար ժամանակի ընթացքում»։

«Ես շատ լավատես եմ, որ մենք կարող ենք ինչ-որ բանի հասնել», – նշել է Ռուբիոն։

Այնուամենայնիվ, ԱՄՆ բարձրաստիճան դիվանագետը մանրամասներ չի ներկայացրել, թե ինչ առաջընթացի մասին է խոսքը ուկրաինական կողմի հետ բանակցություններում։

Նա նշել է միայն, որ ամենայն հավանականությամբ քննարկումներին առաջիկայում կմիանան ավելի բարձրաստիճան պաշտոնյաներ։ Անդրադառնալով Թրամփի ներկայացրած վերջնաժամկետին, համաձայն որի ԱՄՆ նախագահը ցանկանում է իր առաջարկների հետ կապված մինչև նոյեմբերի 27-ը պատասխան ստանալ Ուկրաինայից՝ Ռուբիոն նշել է՝ իրենց ցանկությունն է, որ ռազմական ​​գործողություններն ավարտվեն հնարավորինս շուտ։

Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակը ևս դրական է գնահատել ամերիկյան կողմի հետ հանդիպումը՝ նշելով․ «Շատ արդյունավետ հանդիպում ամերիկյան պատվիրակության հետ»։

X-ում արած գրառման մեջ նա հայտնել է, որ կողմերի միջև երկրորդ հանդիպումը տեղի կունենա «շատ շուտով»։ 

ԱՄՆ-ի կողմից մշակված 28 կետից բաղկացած ծրագիրը, որով առաջարկվում է դադարեցնել ռուս-ուկրաինական պատերազմը, տագնապ է առաջացրել Կիևում և եվրոպական մայրաքաղաքներում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս