Լիդյան մեծ անարդարության զգացում ունի, բայց չի կոտրվում. փաստաբանը մանրամասներ է հայտնել

«Սրբազան պայքարի» գործով միակ կին մեղադրյալ Լիդյա Մանթաշյանը շատ մեծ անարդարության զգացում ունի, բայց չի պատրաստվում կոտրվել։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց փաստաբան Տաթևիկ Սողոյանը` անդրադառնալով Լիդյայի հոգեբանական վիճակին։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը որոշել է 3–ամսյա կալանքի տակ թողնել «Սրբազան պայքարի» գործով անցնող Լիդյա Մանթաշյանին։

«Երեկ եմ տեսակցել Լիդյային։ Ճիշտ է նա պատրաստ էր դատարանի նման որոշմանը, և դա նրան շատ օգնեց, բայց ինչքան էլ մարդ պատրաստ լինի, դժվար է համակերպվել անարդարության հետ։ Լիդյան ինձ ասաց, որ առաջին օրը փոքր–ինչ կոտրվել էր, բայց հիմա հասկանում է, որ իրեն համակարգը պատժում է` փորձելով կոտրել, դրա համար չի պատրաստվում կոտրվել»,–ասաց Սողոյանը։

Փաստաբանի խոսքով` Լիդյան իրեն փոխանցել է, որ իր կալանքի երկարաձգման մասին մայրը տեղյակ չէ, բայց իր քույրը ստիպված կլինի առաջիկա 1–2 օրը (որովհետև նոյեմբերի 26–ին լրանում է Լիդյայի նախկին կալանքի ժամկետը) զգուշությամբ լուրը հայտնել մորը, որը սրտի հետ կապված խնդիրներ ունի։

«Լիդյայի համար այս էտապում ծանր է մորից հեռու լինելը` հաշվի առնելով նրա առողջական վիճակը։ Նման ծանր շրջան ունեցել ենք նաև առաջին կալանքի երկարաձգման ժամանակ, երբ Լիդիան հնարավորություն չունեցավ մասնակցելու հոր մահվան տարելիցին։

Դատարանը ոչինչ հաշվի չառավ։ Ես էլ հասկանալով, որ այնտեղ արդարադատություն չկա, չկա հանգամանք, որը վկայակոչելով կարող ենք կալանքը փոխել, նույնիսկ ավելորդ եմ համարել դրա մասին խոսել, որովհետև պարզ էր, որ որոշումն արդեն կայացված է։ Դատավորն իսկզբանե գիտի, ում է կալանքից ազատելու, ում` ոչ»,–ասաց փաստաբանը։
Նա շեշտեց, որ մեկ անգամ չէ, որ տղամարդ մեղադրյալները կամ «Սրբազան պայքարի» աջակիցները իրեն մոտեցել են և հարցրել, արդյոք հնարավոր չէ, իրենց կալանքը երկարաձգեն կամ իրենց կալանավորեն, բայց Լիդյային ազատ արձակեն։

Սողոյանը հիշեցրեց, երբ մեկ շաբաթ առաջ «Սրբազան պայքարի» գործով անցնող ՀՅԴ ԳՄ անդամ Իգոր Սարգսյանի կալանքը տնային կալանքով փոխարինելու որոշում է կայացրել դատարանը, նա հայտարարել է, որ չի կարող այդ որոշումն ընդունել, եթե դատարանը չի պատրաստվում փոխել Լիդյայի խափանման միջոց կալանքը։

Փաստաբանը հավելեց, որ Լիդյան իր շնորհակալությունն է խնդրել փոխանցել բոլոր լրատվամիջոցներին, մտահոգ մարդկանց, որոնք տարբեր հրապարակումներով աջակցում են իրեն։
Հիշեցնենք նաև` իշխանազավթման գործով մեղադրանք է առաջադրվել 18 անձի, այդ թվում` Բագրատ սրբազանին։

Ըստ ՀՀ քննչական կոմիտեի` «Սրբազան պայքար» շարժման մասնակիցները և ղեկավարները պլանավորել էին ՀՀ-ում իրականացնել ահաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ։
Գնդապետ Միհրան Մախսուդյանի տնային կալանքը չի շարունակվի։

Տեսանյութեր

Լրահոս