Ղազախստանը բարձր է գնահատում Հայաստանի և Ադրբեջանի ջանքերը խաղաղության ուղղությամբ և պատրաստ է աջակցել․ Տոկաև
Ղազախստանը բարձր է գնահատում Հայաստանի և Ադրբեջանի ջանքերը հարաբերությունների կարգավորման ուղղությամբ և պատրաստ է աջակցել խաղաղության հաստատմանը։
Այս մասին հայտարարեց Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը Նիկոլ Փաշինյանի հետ բանակցություններից հետո՝ լրատվամիջոցների համար արված հայտարարության ընթացքում։
Տոկաևը նշեց, որ քննարկվել են տարածաշրջանային և միջազգային օրակարգի կարևոր հարցեր, և մի շարք ուղղություններով երկու երկրների դիրքորոշումները համընկնում են։
«Մենք ձգտում ենք ամրապնդել այն քայլերը, որոնք ձեռնարկվում են արդյունքների հասնելու համար։ Այդ իսկ իմաստով Ղազախստանը բարձր է գնահատում Հայաստանի և Ադրբեջանի ջանքերը՝ ուղղված հարաբերությունների կարգավորմանը։ Մենք ցանկանում ենք, որ այդ գործընթացը միայն դրական շարունակություն ունենա, և ուրախ կլինենք աջակցել այդ գործընթացին»,-ասաց նա։
Ղազախստանի նախագահը հատուկ ընդգծեց Նիկոլ Փաշինյանի դերակատարումը տարածաշրջանային կայունության հաստատման գործում։
«Մեծարգո պարոն վարչապետ, Ձեր հեռատես և խիզախ քայլերը հանուն Հարավային Կովկասում կայունության և խաղաղության արժանի են գովասանքի։ Ձեզ հաջողություն եմ մաղթում ձեր պատասխանատու աշխատանքում՝ հանուն Հայաստանի զարգացման և միջազգային հեղինակության բարձրացման։ Ղազախստանը պատրաստ է աջակցել Ձեզ և հայ ժողովրդին այս ճանապարհին»,-եզրափակեց Տոկաևը։

