Աստանա այցի առանցքային արդյունքը Հայաստանի և Ղազախստանի հարաբերությունների զարգացումն է մինչև ռազմավարական գործընկերություն. Փաշինյան
Տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումները նոր հնարավորություններ են բացում Հայաստանի ու Ղազախստանի տնտեսական զարգացման համար։
Ինչպես Աստանայից հաղորդում է «Արմենպրես»֊ի թղթակիցը, այս մասին նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ղազախստանի նախագահ Կասիմ֊Ժոմարտ Տոկաևի հետ ընդլայնված կազմով հանդիպմանը։
«Տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումները նոր հնարավորություններ են բացում տնտեսական հարաբերությունների խորացման համար։ Միջկառավարական հանձնաժողովի գործընկերներն այսօր կարևոր և նոր օրակարգ են ստանում։ Համոզված եմ՝ այդ օրակարգի շուրջ ակտիվ աշխատանք կկատարվի։ Առաջիկայում գործարար կապերի ակտիվացում կունենանք, կլինեն հանդիպումներ, ֆորումներ։ Նախատեսում ենք ներդրումային ակտիվությանը նոր լիցք հաղորդել»,֊ ասաց վարչապետ Փաշինյանը։
Փաշինյանն ընդգծել է, որ իր՝ Աստանա այցի առանցքային արդյունքը Հայաստանի և Ղազախստանի հարաբերությունների զարգացումն է մինչև ռազմավարական գործընկերություն։
«Այս հենքի վրա մենք նոր լիցք կհաղորդենք հարաբերությունների զարգացման հետագա ընթացքին բոլոր ուղղություններով` քաղաքական երկխոսության բարձր, տնտեսական համագործակցության խորացող մակարդակ և, իհարկե, հումանիտար ոլորտում է մեր գործակցությունը նոր դրսևորումներ է ստանում»,֊ ասաց վարչապետ Փաշինյանը։
Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ Աստանայում փողոցներից մեկի անվանակոչումը հայոց գրերի հեղինակ Մեսրոպ Մաշտոցի անունով ընկալվում է որպես հարգանքի դրսևորում հայ ժողովրդի և Հայաստանի նկատմամբ։

