Ղազախստանն ու Հայաստանն ակտիվորեն համագործակցում են տարբեր ոլորտներում և առաջիկայում երկու երկրների միջև փոխգործակցությունը կլինի նոր մակարդակի վրա. Տոկաև
Ղազախստանն ու Հայաստանն ակտիվորեն համագործակցում են տարբեր ոլորտներում և առաջիկայում երկու երկրների միջև փոխգործակցությունը կլինի նոր մակարդակի վրա։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցն Աստանայից, այս մասին նշել է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ընդլայնված կազմով հանդիպմանը։
«Մենք բարձր ենք գնահատում Ձեր այցը։ Եղած նախաձեռնությունները վկայում են, որ մեր բարեկամությունն ամուր է։ Ցանկանում եմ ընդգծել, որ առկա է փոխադարձ հարգանք Հայաստանի ու Ղազախստանի ժողովուրդների միջև։ Մեր երկրների միջև բաց հարաբերություններ են՝ հիմնված փոխվստահության վրա»,-ասաց Ղազախստանի նախագահը։
Նա ընդգծեց, որ երկու երկրների փոխադարձ համագործակցությունը սերտ է թե՛ տարածաշրջանային, թե՛ միջազգային հարթակներում։ Նա հավելեց, որ տնտեսական, առևտրային, կրթական, մշակութային և այլ ոլորտներում Հայաստանն ու Ղազախստանը սերտորեն համագործակցում են ու այդ գործընթացն ակտիվորեն զարգանում է։
«Ես ցանկանում եմ ընդգծել, որ մեր միջպետական հարաբերություններն առանձնահատուկ են, և մենք ունենք մեծ հնարավորություններ բազմակողմանիորեն զարգացնելու համագործակցությունը։ Այսօր մենք կստորագրենք պատմական փաստաթղթեր, ներառյալ փաստաթուղթ, որ մեր երկու երկրների միջև հարաբերությունները դարձնենք ռազմավարական»,-հավելեց Տոկաևը։

