Վարդան Ղուկասյանին նոր մեղադրանք է առաջադրվել
Քրեական վարույթի նախաքննության ընթացքում ևս մեկ անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից։
Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ Գյումրու համայնքապետ Վարդան Ղուկասյանին 3-րդ մեղադրանքն են առաջադրել օրերս Հակակոռուպցիոն դատարանում հնչեցրած արտահայտությունների համար։
«Հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով կատարված խուլիգանությունը)»,- նշեցին ՔԿ-ից։
Հավելենք, որ նույն հոդվածի շրջանակում՝ խուլիգանության հատկանիշներով, նոյեմբերի 20-ին ձերբակալվել է Վարդան Ղուկասյանի որդին՝ Սպարտակ Ղուկասյանը։
Հիշեցնենք՝ հոկտեմբերի 20-ին ուժայինները ներխուժեցին Գյումրու քաղաքապետարան, որպեսզի բերման ենթարկեն համայնքապետ Վարդան Ղուկասյանին։ Հակակոռուպցիոն կոմիտեն հայտարարեց, որ 8 անձ է ձերբակալվել մի խումբ պաշտոնատար անձանց կողմից խոշոր չափերով կաշառք ստանալու, վերջիններիս կաշառք տալու մեղադրանքներով։ Հոկտեմբերի 21-ի առավոտյան Գյումրու համայնքապետ Վարդան Ղուկասյանը կալանավորվեց 2 ամսով։
Ավելի ուշ ՀՀ քննչական կոմիտեն հայտնեց, որ քրեական վարույթ է նախաձեռնվել Գյումրիում զանգվածային անկարգություններին մասնակցելու, արդարադատության իրականացումը խոչընդոտելու հատկանիշներով։
Հոկտեմբերի 26-ին հայտնի դարձավ, որ Ղուկասյանին նոր մեղադրանք է առաջադրվել Հայաստանի` այլ երկրների հետ միություն կազմելու վերաբերյալ մտքերի համար։

